Հայը երբեք չի վախենա ադրբեջանցու հետ համատեղ ապրելուց. Դադիվանքի նախկին վանահայր
SocietyՀոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Համայն Ռուսիո Պատրիարքն ասաց, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար միասին ապրելուց բացի, այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ կեցությունից: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ, որն ասաց՝ բնական է, որ Համայն Ռուսիո Պատրիարքն այդպիսի արտահայտություն է արել, թեև վանահայրը դա իրատեսական չի համարում.
«Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի խոսքը որպես հոգևոր առաջնորդի խոսք այդպիսին պետք է լինի, պետք է ասի, որ հաշտ ապրենք, այլ ձևով ինքը չի կարող արտահայտվել, հո չի ասելու վերցրեք զենքը և կռվեք: Մենք էլ ենք սերմանում հաշտություն, բայց մեր դիմաց կանգնած թուրքն ու ազերին պատրաստ չեն դրան, իսկ եթե ուզում են կործանել մեզ՝ մենք պետք է ստիպված պաշտպանվենք»,- ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իզուր չէ մեր բանակը կոչվում «Պաշտպանության բանակ», այլ ոչ թե «հարձակվողական»՝ մենք միշտ պաշտպանվել ենք ոչ թե հարձակվել, պաշտպանել ենք մեր հողը, մեր երկիրն ու տունն ենք պաշտպանում:
Անդրադառնալով հայ ժողովրդի և ադրբեջանցու համատեղ կեցությանը՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն նշեց, որ հայ քրիստոնյան միշտ էլ հաշտ է ապրել բոլորի հետ, բայց այսօր ադրբեջանցիները պատրաստ չեն դրան. «Մոտ ապագայում էլ, անգամ, 100 տարի հետո էլ ադրբեջանցիները չեն կարող հաշտ լինել մեզ հետ, որովհետև իրենք իրենց ժողովրդին քարոզում են հայատյացության գաղափարը: Իսկ մենք որպես քրիստոնյա՝ հաշտություն, միասնություն սեր և խաղաղություն: Թուրքը երբեք պատրաստ չէ հաշտ ապրելու, ինքը միշտ ուզում է իշխի. մենք չենք կարող հանդուրժել նրանց: Նույնիսկ 1915 թվականին փորձեցինք հաշտ ապրել. մենք նորից հաշտ էինք, բայց իրենք սրի քաշեցին մեր ժողովրդի վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Վերջինս այն կարծիքին է, որ հայը երբեք չի վախենա ադրբեջանցու հետ հարևան լինելուց, հայի վախը ներսից է. «Հայը չի վախենում ադրբեջանցուց, հային վախեցնում են ներսից, ոչ թե դրսից: Եթե մեր ներսի վախը չլինի, մենք դրսից չենք ունենա»,- ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան:
Հավելենք, որ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:
Զվարթ Պետրոսյան