«Որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր՝ նախապես պատկանած կազմակերպությանը». արձագանք. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
2021 թվականի սեպտեմբերի 23-ի համարում «Փաստ» թերթը տպագրել էր «Սրանք ինձ համար ոչ թե իշխանություններ, այլ դեկորատիվ սրիկաներ են» վերնագրով հարցազրույց ԱՍԱԼԱ-ի անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլ յանի հետ: Հարցազրույցի տպագրումից մոտ մեկ ամիս անց ստացել ենք արձագանք «Հայկական ժողովրդային շարժում»-ի Երևանի գրասենյակից:
Գրությունը ներկայացնում ենք ստորև՝ առանց որևէ խմբագրական միջամտության. «Փաստ օրաթերթի հարգելի բարեկամներ. Յուրանաչյուր անձ բնականաբար ունի անձնական տեսակետ արտահայտելու իրավունք և դա անկախ անձի անցյալում անդամակցած կազմակերպության և ապրած փորձառությունից: Այդուհանդերձ, որևէ անձ իրավական և բարոյական իրավունք չունի իր սեփական հայացքները վերագրել իր նախապես պատկանած կազմակերպության, հատկապես եթե իր արտահայտած տեսակետները բոլորովին հեռու են այն սկզբունքներից, որոնցով առաջնորդվել ու առաջնորդվում է այդ կազմակերպությունը: Հստակացնենք, որ Ձեր օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում հրապարակված Վազգեն Սիսլ յանի կարծիքներն ու վարկաբեկիչ արտահայտությունները, ո՛չ քաղաքական և ո՛չ բարոյական առումով առնչություն չունեն ԱՍԱԼԱ-ի դավանած և առաջնորդված հայացքների հետ:
ԱՍԱԼԱ-ն իր մղած 46 ամյա ազատագրական պայքարի ընթացքում, որպես սկզբունք, առաջնորդվել է հայության հավաքական կամքի և ոտնահարված իրավունքների ուղիով և ընդդիմացել ու ստորադասել է որևե առանձին խմբի, կուսակցության կամ կուսակցությունների հատվածական ձգտումներին, որոնք հանդգնել են իրենց շահադիտական ձգտումները պարտադրել հայության: Հետևաբար Ձեր օրաթերթի հետ Վազգեն Սիսլյանի ՀՀ իշխանությունների հասցեին կողմնակալ, բարոյական նորմերից հեռու անհարգալից բառապաշարով խոսելն ու ժողովրդի որոշմանն ու կամարտահայտությանն ընդդիմանալը բոլորովին հեռու են ԱՍԱԼԱ-ի ծանոթ մոտեցումներից և գրականությունից:
ԱՍԱԼԱ-ն իր հայտարարություններով հրապարակել է իր հայացքները հայությանն ու Հայաստանին վերաբերվող հիմնահարցերի նկատմամբ և այդ իրավունքը բացարձակապես վերապահված է նրան։ Հուսանք, որ այս ամփոփ գրությունը բավարար կլինի Ձեր հարգելի ընթերցողին լուսաբանելու և թյուրիմացություններից խուսափելու համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում