Վանո Սիրադեղյանի նամակը՝ իր վերադարձի մասին
SocietyHraparak.am-ը գրում է.
2012-ին մենք Վանո Սիրադեղյանի մերձավորներից մեկի փոխանցած լուրն էինք հրապարակել, այն մասին, որ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից մահացել է։ Այդ շրջանում Վանոյի եւ նրա շրջապատի նկատմամբ ինչ որ պրոցեսներ էին սկսվել եւ Վանոյի սույն մերձավորները որոշել էին, որ նման կեղծ լուրով ինչ որ պրոցեսներ կկանգնեցնեն։
Եւ քանի որ լուրը փոխանցողն այն սակավաթիվ մարդկանցից էր, որը նրա փախուստից հետո մշտապես կապի մեջ էր եղել, ուստի մենք ինչ որ չափով հավատացել էինք նրա փոխանցած տեղեկատվությանը, բայց առավելապես՝ հույս ունեինք, որ նման «սադրանքից» հետո Վանոն անպայման կարձագանքի եւ իր մասին լուր կտա։ Եւ չէինք սխալվել։ Այդ տեղեկատվության հրապարակումից բառացիորեն օրեր անց՝ մահվան մասին տեղեկատվությունը փոխանցող մերձավորը մեզ փոխանցեց Վանոյի նամակը «Հրապարակի» գլխավոր խմբագրին։
Մեր նախկին ծանոթությունը ստիպել էր, որ մի թեթեւ հանդիմանություն հնչի, դու-ով դիմի եւ բացի որոշ փակագծեր։ Այսօր, երբ տեղեկացանք, որ մեծ գրողը, 90-ականների շարժման ակնառու ներկայացուցիչն այլեւս չկա, հասկանալի դարձավ, որ 2012 թվականին օգոստոսին գրված այդ նամակը Վանոյի վերջին գրավոր խոսքն է՝ ուղղված հայ հանրությանը։ Ուստի որոշեցինք վերատպել այն։
«Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը՝ այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնեւեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի:
Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ՝ ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը՝ իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզեւ 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաեւ ռուսական ալիքները: Երեւի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը՝ հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլեւ կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզեւ 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլեւս չորրորդական նշանակություն ունի:
Շարունակությունը՝ այստեղ