Թալիբները պատասխանել են Պուտինին
International newsԱֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման անդամներն արձագանքել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մերձավոր Արևելքից «Իսլամական պետության» ահաբեկիչների Աֆղանստան ներթափանցման մասին հայտարարությանը:
Թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին նշել է, որ նման գործողություններն անհնար են, գրում է tj.sputniknews.ru-ն:
«Մերձավոր Արևելքից Աֆղանստան հասնելը բավականին դժվար է: Դժվար թե «Իսլամական պետության» ահաբեկիչներին դա հաջողվի», - ասել է թալիբների ներկայացուցիչների խոսնակը: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ արմատականները թույլ չեն տա երկրի տարածքում ԻՊ-ի գործունեության զարգացում:
Ավելի վաղ, ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը մտահոգություն էր հայտնել Աֆղանստանում տիրող բարդ իրավիճակի կապակցությամբ, որտեղ, ըստ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի, միջազգային ահաբեկիչների մի շարք խմբեր շարունակում են գործել երկրում:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ «Իսլամական պետության» զինյալները Աֆղանստան են գալիս Իրաքից և Սիրիայից:
«Հետևաբար, հնարավոր է, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարևան պետություններում, ներառյալ ԱՊՀ երկրները», - ասել է Պուտինը: