Հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը
Society2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև օտարերկրյա ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի ՊԵԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
ՀՀ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո ՊԵԿ-ի պաշտոնական կայքում կտեղադրվեն համապատասխան ժամանակահատվածների համար` հարկ վճարողների վճարումների վերաբերյալ ցանկերը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին