Մեր քաղաքացիներից շատերը չգիտեն իրենց իրավունքները և պարտականությունները երթևեկության մեջ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է, հատկապես մահվան ելքով վթարների մասով: Խնդիրը նոր չէ, բայց լուծման բանալին գտնել, կարծես, չի հաջողվում:
Գլխավոր դատախազությունն, օրինակ՝ ուսումնասիրելով վթարների պատճառները, համապատասխան միջնորդություն է ներկայացրել ճանապարհային ոստիկանությանն՝ առաջարկելով ուժեղացնել ՃՈ ծառայությունը, ինտենսիվ երթևեկության ժամերին ավելացնել ծառայություն իրականացնող խմբերի քանակը, ուսումնասիրել Երևանում տեղադրված ճանապարհային նշանների վիճակը և այլն:
Բացի սա, համապատասխան միջնորդություն է ներկայացվել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն, ի դեպ, վերջերս հանդես էր եկել նախագծով, որի ընդունմամբ կսահմանվեն համայնքների (այդ թվում՝ բնակավայրերի միջով անցնող տարանցիկ հատվածների) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմման և համաձայնեցման պահանջները: Այն, որ ճանապարհային երթևեկությունում ունենք լրջագույն խնդիրներ, ակնհայտ է: Սա նաև ենթադրում է, որ առաջարկվող լուծումների հարցում դանդաղելու իրավունք չունենք: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը նշում է՝ լուրջ, երկարաժամկետ անելիքներ ունենք նախ կրթական համակարգում:
«Վաղ հասակից մարդկանց պետք է կրթել, թե ինչպես պետք է իրենց պահեն երթևեկության մեջ: Օրերս երկու հետիոտն մահացավ վրաերթի պատճառով: Չգիտեմ՝ հետիոտները թույլատրվա՞ծ, թե՞ չթույլատրված հատվածով են հատել փողոցը, վարորդը գերազանցե՞լ է արագությունը, թե՞ ոչ, բայց փաստ է, որ մեր երկրում լուրջ խնդիր ունենք երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների զարգացման հարցում: Մեր քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն երթևեկության մեջ՝ անկախ նրանից՝ նրանք վարորդ են, թե հետիոտն: Այդ մասով լուրջ ծրագրեր պետք է իրականացվեն, որոնք, ցավոք, չեն արվում:
Ունենք խիստ տուգանքներ, քրեականացված հոդվածներ են ավելացվել, բալային համակարգը կա և այլն, բայց խնդիրները մնում են նույնը: Բացի դա, պետք է վիճակագրություն կազմել, թե որոնք են վթարների պատճառները: Ցանկացած վթարի դեպքում պետք է հստակ հասկանանք՝ վարո՞րդն է մեղավոր, լուսավորության բացակայությո՞ւնն է պատճառը, սխալ կահավորո՞ւմը, թե՞ ճանապարհների վիճակը: Նման վիճակագրություն չի արվում, դրա համար էլ չենք կարողանում հասկանալ, թե ինչու են վթարները տարեցտարի ավելանում»,«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ-ի ղեկավարը:
Ընդգծում է՝ այո, ճանապարհների վիճակը պետք է հնարավորինս լավը լինի, մյուս հարցերը ևս պետք է կարգավորվեն՝ լուսավորությունը, նշանների տեղադրում և այլն:
«Բայց ամենակարևորը՝ պետք է կրթեն քաղաքացուն, նրան դարձնեն երթևեկության գիտակից մասնակից, որպեսզի հասկանան՝ օրենքը խախտել չի կարելի, հստակ իմանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին»,-եզրափակում է Տիգրան Քեյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում