«Թուրքիայից ոչ թե դրական, այլ բացասական ազդակ կա»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրարից դրական ազդակներ ստանալու վերաբերյալ հայտարարություններ անել: Վերջերս Թուրքիայի նախագահը մասնավորապես շեշտել էր, որ Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիայից հնչող հայտարարությունները բավականին զավեշտալի են:
«Թուրքիան ասում է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Սա, մեծ հաշվով, նորություն չէ, միշտ են ասել: Բայց հիմա, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, ավելի հետընթաց է գրանցվել:Իրականում Թուրքիայից ոչ թե դրական, այլ բացասական ազդակ կա, որովհետև եթե նախկինում Թուրքիան հարաբերություններն ուղղակի Հայաստանի հետ էր փորձում կարգավորել, ապա հիմա Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է արդեն երրորդ կողմով՝ Ադրբեջանի մասնակցությամբ: Սա արդեն, փաստացի, դրական չէ, ավելին՝ հետընթաց է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին փորձը հիշենք, երբ ստորագրվեցին արձանագրություններ:
Այն ժամանակ Ադրբեջանի մասին որևէ խոսք չկար: Խնդիրը Հայաստանի և Թուրքիայի միջև էր, չկար որևէ նախապայման այդ առումով: Հիմնական նախապայմանն ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրս գալն էր: Այդ ժամանակ իրենք համաձայն էին անգամ այն տարբերակին, որ եթե հայերը նույնիսկ մեկ շրջանից դուրս գային, սահմանը կբացեին ու հարաբերություններին ընթացք կտային:Այս անգամ ոչ միայն ազատագրված տարածքները, այլև մի բան էլ «բոնուսով» ավելին ենք տվել: Բայց այդքանից հետո Թուրքիան դեռևս Հայաստանի հետ կարգավորման նախաձեռնությունը կապում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանից հնչող պաշտոնական հայտարարություններին՝ կապված Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու դրական ազդակների հետ, Ա. Իսպիրյանը շեշտեց. «Դրանք ուղղակի շտապողականության դրսևորում ու ոչինչ չասող հայտարարություններ են: Միակողմանի ոչինչ չի լինում: Որքան էլ Հայաստանն ամեն օր հայտարարություններով հանդես գա, Թուրքիայի վերոնշյալ դիրքորոշմամբ ամեն ինչ ավարտվում է՝ դա վերջակետ է դնում Հայաստանի նախաձեռնողական կեցվածքին:
Բացի այդ, չպետք է մոռանանք, որ Թուրքիան դիվանագիտական հարթակում մշտապես խոսքին տեր չի կանգնում, ինչի դառը փորձը ունենք: Հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ընթացքում, երբ ստորագրվեց արձանագրություն այն մասին, որ առանց նախապայմանների պետք է հարաբերություններ սկսվեն, Թուրքիան հրաժարվեց իր ստորագրած փաստաթղթի պարտավորությունները կատարելուց: Այս դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ երբ Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կամ այլ անունով փաստաթուղթ կնքվի, Թուրքիան չի ասի՝ գիտես, Հայաստա՛ն, դու պետք է հրաժարվես Ցեղասպանության ճանաչման գործընթացից»:
Նրա խոսքով, Թուրքիան շատ ու շատ այլ պահանջներ կարող է առաջ քաշել: «Ընդհանրապես, երկու հարևանների միջև բնականոն հարաբերությունները նորմալ երևույթ են: Տարբեր երկրներ կռվել են միմյանց հետ, կոտորածներ են եղել, բայց հետագայում խաղաղություն է ձեռք բերվել: Օրինակները շատ են, բայց այդ օրինակների դեպքում միմյանց հետ հավասար իրավունքներով են շփվում, առանց նախապայմանների լեզվի, առանց բռնության, առանց գերիներ պահելու: Իսկ այսօր նույն Ադրբեջանն անհիմն մեղադրանքներով պահում է մեր գերիներին, խոշտանգում է: Գումարենք նաև գողությունները սահմանամերձ բնակավայրերից, կրակոցները, համաձայնագրի կնքումից հետո շարունակվող գերեվարումները: Այսօր, ցավոք, հույսից բացի այլ բան չենք կարող ակնկալել: Հուսով եմ՝ այս ամենը ՀՀ իշխանությունները հաշվի կառնեն, սթափ կգնահատեն ու առաջիկայում կնքվելիք համաձայնագրերում այս ամենից բխող վտանգները կներառվեն»,-ասաց նա:
ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ չեն պատրաստվում միջանցք տրամադրել: Փոխարենը՝ շարունակում են խոսել այս պայմաններում Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ տալու, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի պատրաստակամության դիրքերից: Անդրադառնալով նշվածին՝ թուրքագետը նշեց. «Նախ՝ որքանով հետևում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին, նրանք նույն շահագրգռվածությամբ չեն պատասխանում մեր կողմի հայտարարություններին: Ընդհանրապես, միջանցք գաղափարն անգամ սարսափելի է արտաբերել: Սովորաբար, եթե երկու երկրներ միմյանց հետ հարաբերություններ են սկսում կարգավորել, ճանապարհների, ենթակառուցվածքների բացում է տեղի ունենում: Դա ենթադրում է, որ նման վերահսկողություն պետք է ունենա ՀՀ-ն՝ Հայաստանով դեպի Թուրքիա գնացող բեռների, ուղևորների նկատմամբ:
Խոսքը հավասար վերահսկողության մասին է, բայց ոչ «էս միջանցքը ձերն է, դուք կարող եք այն «պրախադնոյ դվոր» սարքել» տրամաբանության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին պետք է բացի սահմանները, բայց այսօրվա պայմաններում մի քիչ կասկածում եմ, որ ՀՀ քաղաքացիները ադրբեջանական տարածքով առանց վտանգ զգալու այլ երկիր կգնան: Ինչո՞ւ, պարզ պատճառով. եթե ՀՀ իշխանությունները բարեկամությանը, հարևանությանը, խաղաղությանն ուղղված քաղաքականություն են վարում, Ադրբեջանը «ռազմական ավարի պուրակ» է բացում, հայ գերիներին խոշտանգում է: Հայաստանի հանդեպ ոչ թե խաղաղության, այլ թշնամանքի քաղաքականությունն է շարունակվում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում