«Կարմիր գծերի» տուգանքները վիճարկելիս պետք է վճարել 4000 դրամ պետտուրք. ինչո՞ւ են բարդացնում բողոքարկման գործընթացը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ուզո՞ւմ եք բողոքարկել «կարմիր գծերի» տուգանքը: Այդ դեպքում դատարան հայցադիմում ներկայացնելիս նոյեմբերի 1-ից պետք է վճարեք 4000 դրամ պետտուրք: Նախկինում պետտուրք չէր գանձվում: Իրավաբան Մհեր Հակոբյանը նշում է՝ այս փոփոխությունը կատարած օրենսդիր մարմինն ասում է, որ սա արել է որոշակի նպատակներով:
«Ըստ նրանց պարզաբանման, առաջին հերթին սա արվեց դատարանները բեռնաթափելու համար: Եթե դիտարկենք այս և նախորդ տարվա վիճակագրությունը, ապա երևում է, որ վարչական դատարան մուտք արվող գործերի 70 տոկոսն այս գործերն են: Այս տարվա ընթացքում մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը վարչական դատարան մուտք է արվել մոտավորապես 11 500 գործ, որից մոտ 8000-ը վերաբերում է այս գործերին:
Մնացած 30 տոկոսից 15-ը ոստիկանության ակտերն են, 15-ը՝ այլ: Երկրորդ նպատակը, որի մասին, բնականաբար, չի հայտարարվում, բայց այն կա, պետական բյուջեն լցնելն է: Այսինքն, իրենք բարդացնում են քաղաքացու բողոքարկումը, որպեսզի նա ուղղակի տարեկան 12000 դրամ վճարում կատարի: Հիմա ի՞նչն է այս ամենում անարդար: Նախկինում ոստիկանության վարչական իրավախախտման գործերն ազատված էին պետտուրքից: Պարզ ասած՝ տուգանքների գծով վարչական ակտերն ազատված էին պետտուրքից: Երբ սկսեց գործել բալային համակարգը, վերացրեցին այդ բացառությունը: 2020 թ.-ի հունվարի 1-ից ոստիկանության տուգանքները բողոքարկելու համար արդեն իսկ գործում է 4000 դրամ պետտուրքը:
«Կարմիր գծերի» տուգանքի բողոքարկման դեպքում պետտուրք շարունակում էին չգանձել: Բայց 2021 թ.-ի ապրիլի 29-ին ընդունվեց օրենք, որն ասում է՝ դրա հրապարակումից վեց ամիս անց դատարան դիմելու դեպքում պետք է պետտուրք վճարել նաև քաղաքապետարանի «կարմիր գծերի գործով»: Ստացվում է, որ հիմա գրեթե բոլոր հարցերով դատարան դիմելիս պետք է պետտուրք վճարել: Աբսուրդը հետևյալն է՝ քաղաքացին պետք է 4000 դրամ պետտուրք վճարի, ուղարկի նամակներ, թուղթ տպի և այլն, 1000 դրամի սահմաններում էլ այդտեղ գումար կծախսի, ներառյալ նաև իրավաբանին վճարվող գումարը: Ինքս նման գործերի դեպքում գումար չեմ վերցնում, դա իմ սկզբունքն է, բայց բոլորը նույն կերպ չեն վարվում:
Ստացվում է, որ քաղաքացին տուգանքը բողոքարկելու համար ծախսելու է, ասենք, 10000 դրամ, ընդ որում՝ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ նա կհաղթի՞ բողոքարկման դեպքում, թե՞ ոչ: Դա կախված է գործի հանգամանքներից, օրենքի կիրառման նրբություններից, դատավորի կողմից օրենքի կիրառման նրբություններից, դատավորի մոտեցումներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ընդգծում է՝ արդյունքում վարորդը կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում:«Պարտվելու դեպքում այս բոլոր վճարումները «կորան», դեռ մի բան էլ վարորդը պետք է տուգանքը վճարի: Հաղթելու դեպքում վարորդը պետք է պետությունից հետ ստանա իր վճարած չորս հազար դրամը, և այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը: Մեկ օրինակ՝ ցանկացած պահի, եթե ցանկանամ պետտուրք վճարել, դա կանեմ վայրկյանների ընթացքում, իսկ եթե քաղաքացին ցանկանա վերադարձնել իր վճարած գումարը, դա կարող է ամիսներ տևել, արդյունքում՝ ժամանակի կորուստ, քայքայված նյարդեր, հավել յալ գումարի ծախսում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը՝ նկարագրելով, թե այս ընթացքում քաղաքացի-վարորդն ուր է դիմելու, ինչ է անելու, երբ կարող է մերժում ստանալ և այլն, և այլն:
Մեկ բառով ասած՝ սա նման է վատ երազի կամ սարսափ ֆիլմի: Իսկ իրականում հենց սրա պատճառով է պետական ապարատը ծանրաբեռնվում:
«Արդյունքում քաղաքացին ուղղակի կվճարի տարեկան 12 հազար դրամը, որովհետև եթե նա տարվա մեջ մի քանի տուգանք ունեցավ, ստացվում է, որ նույն գումարն է վճարելու: Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս՝ չէ՞ որ մարդն ունի դատական պաշտպանվածության իրավունք, իսկ ի՞նչ է պետությունն անում այս փոփոխությամբ: Պետությունը պետք է լսի իր քաղաքացուն, մինչդեռ օրենքի այս փոփոխությամբ հակառակն է արվում: Տուժում է քաղաքացին, որի դատական պաշտպանության իրավունքը ոտնահարվեց»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում