«Կուբանի հայերը մշակում են երիտասարդական վարքագծի կանոնագիրք». «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
yugopolis.ru-ն գրում է, որ Արմավիր քաղաքում Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի երիտասարդական կոմիտեի նիստերի քննարկման առարկան հասարակության մեջ ժամանակակից երիտասարդության պահվածքն է եղել։ Ինչպես նշել են հանդիպումների մասնակիցները, այսօր ամենաթողության գաղափարները ժողովրդականություն են վայելում մատաղ սերնդի ներկայացուցիչների շրջանում՝ անկախ ազգությունից, նկատվում է ազգային ավանդույթների անտեսման միտում, չկա պատշաճ հարգանք մեծերի նկատմամբ, հասարակական վայրերում պահվածքը դարձել է սադրիչ, երեխաների և կանանց աչքի առաջ խոսում են անպարկեշտ և այլն։
Քանի որ նման դրսևորումների որոշ փաստեր կան նաև Կուբանի հայ երիտասարդության շրջանում, առաջարկով հանդես է եկել Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգորի Կարապետյանը, որն էլ ստեղծել է հայ երիտասարդների վարքագծի կանոնագիրք։ Այդ առաջարկին առաջինն արձագանքել են Արմավիրի հայ համայնքում։
Այնտեղ Հայ ազգային մշակույթի կենտրոնի տարածքում արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ տեղի բուհերի ուսանողների ներգրավմամբ։ Արմավիրի Հայերի միության երիտասարդական կոմիտեի ղեկավար Մարատ Բաղրամյանի խոսքով, թեման մեծ արձագանք է առաջացրել արմավիրցի երիտասարդների մոտ, ովքեր հույս ունեն, որ Կրասնոդարի երկրամասի այլ քաղաքների և շրջանների երիտասարդական կազմակերպությունները նույնպես կմիանան նման քննարկումներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում