Լավ լուր պայմանագրային զինծառայողների hամար
SocietyԱԱԾ-ն նախատեսում է սահմանապահ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով մոտ 210-220 հազար դրամի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:
«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը հարցրեց, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սահմանապահ զորքերում սպաների, պայմանագրային անձնակազմի աշխատավարձի կամ հավելավճարների ավելացում: «Այդ հարցով զբաղվում ենք: Տնօրենը հանձնարարություն է տվել, մենք մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել՝ կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով:
Որովհետև բավականին ցածր է: Ինչքան մենք ստուգել ենք, մեր մյուս կառույցների համեմատ մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում»,-ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ դրա պատճառով թվաքանակի նվազում է նկատվել, ազատվում են աշխատանքից:
Սակայն այդ ուղղությամբ աշխատելու հանձնարարությունն արդեն կա: «Մենք շատ արագ պետք է արձագանքենք այդ հանձնարարությանը և հնարավորություն ստեղծենք բարձրացնել: Բարձրացումը կլինի 210-220 հազարին մոտ, հիմա նրանք ստանում են մոտ 160 հազար դրամ: Փորձում ենք այս ձևով կարգավորել այդ հարցը»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: