Գերագույն հոգևոր խորհուրդը՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին ․ Մայր Աթոռ
SocietyՆոյեմբերի 8-13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։
Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։
Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին։