«Պետության նման միջամտությունը իրավաչափ չէ և կվտանգի փաստաբանների անկախությունը». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս փաստաբան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրել էր, որ իր գործընկերներին և իրավապաշտպան ՀԿ-ներին ուղարկվել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց նախագծի վերաբերյալ:
«Արդարադատության նախարարության հիմնադրամի կողմից ուղարկված նախագիծը, իմ բազմաթիվ գործընկերների և իմ դիտարկմամբ, բավականին վիճահարույց է ու մտահոգիչ: Դրանում ներառված են այնպիսի դրույթներ, որոնք փաստաբանության համար ընդունելի չեն: Դիտարկվում է միջամտություն փաստաբանական գործունեությանը, փաստաբանների պալատի կողմից իրականացվող կառավարմանը, որն, ըստ իրենց, ենթադրում է կոլեգիալ կառավարում, այսինքն՝ ըստ այդ օրենքի նախագծի, ստեղծվում են հանձնաժողովներ, մասնավորապես՝ վերահսկող հանձնաժողով, որտեղ պետք է ներառվեն արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀԿ-ի ներկայացուցիչ և Վճռաբեկ դատարանի մեկ դատավոր: Նախատեսվում է նույնատիպ մասնակցություն նաև կարգապահական վարույթներին: Համարում եմ, որ սա ճիշտ չէ:
Փաստաբանությունն ինքնակառավարվող գործունեություն է, փաստաբանների միությունն ինքնակառավարվող միավորում է, Փաստաբանների պալատը մասնագիտական անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկություններն օրենքով են սահմանված, և այն պետությունից ու ՏԻՄ-երից անջատ է գործում: Ինչպես գիտեք, մեր իրավապաշտպան գործունեությունը պետության հետ փոխհարաբերություններում ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, հետևաբար, գտնում եմ, որ պետության նման միջամտությունը փաստաբանական ինստիտուտին իրավաչափ չէ և վտանգում է փաստաբանների անկախությունն առհասարակ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ֆարմանյանը:
Ընդգծում է՝ օրենքի նախագծում նաև դրույթներ են նախատեսված փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի մեջ միջամտության, ինչպես նաև հանրային պաշտպանության առումով՝ իրավաբանական կլինիկաների, ինչ-որ ունկնդիրների և այլոց նույնպես վերապահել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու լիազորություն: «Դա բառի բուն իմաստով քաոսի կվերածի անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտը, կդարձնի անվերահսկելի: Հանրային պաշտպանության մասին քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդը ռեալ կպատկերացնի, որ դա կդառնա անվերահսկելի մի գործընթաց: Իմ գնահատմամբ, հատկապես խոցելի խմբի մեր շահառուները կդառնան փորձադաշտ, ինչը սխալ է: Հանրային պաշտպան դառնում է այն փաստաբանը, որն օրենքով սահմանված կարգով հանձնում է համապատասխան բարդ քննությունները, հետո ընդգրկվում հանրային պաշտպանների ցուցակում, որից հետո միայն ընտրություն են կատարում և քննություն հանձնած փաստաբանին նշանակում են հանրային պաշտպան:
Իսկ այսպես, հասարակական կազմակերպություններին կամ նորավարտ ուսանողներին հանրային պաշտպանություն վստահելով, նախ՝ ոլորտն ենք վերահսկողությունից դուրս բերելու, խնդիրներ են լինելու նաև որակի հետ կապված: Որևէ մեկի մասնագիտական պատրաստվածությունը կամ հմտությունը չեմ ուզում կասկածի տակ դնել, բայց կոնկրետ հանրային պաշտպանին առաջադրվող պահանջները և նրա աշխատանքային կարգապահությունը, նվիրումը հսկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարության, փաստաբանների պալատի կողմից: Կամ՝ նախագծի եզրափակիչ դրույթներում նշված է, որ ընդհանուր ժողովը կարող է հրավիրվել արդարադատության նախարարի կողմից: Ի՞նչ տրամաբանությամբ նախարարը պետք է միջամտի փաստաբանների ինքնակառավարվող կազմակերպության ընդհանուր ժողովի հրավիրման ֆունկցիային»,-նշում է մեր զրուցակիցը:
Ասում է՝ ուշագրավ է այն, որ օրենքի այս նախագիծն իրենց ուղարկել է ԱՆ-ի հիմնադրամի փորձագետը: «Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նախարարությունն այս հարցին կառուցողական կմոտենա, և մեզ հետ քննարկումներ կլինեն: Մեզ նախապես չէին տեղեկացրել, որ օրենքի փոփոխություն է նախատեսվում: Քննարկումներ չեն եղել, մեզ միանգամից ուղարկվել է նախագիծը: Լիահույս եմ, որ նախարարությունը կգա կառուցողական դաշտ, քանի որ չի կարող շրջանցել փաստաբանների, Փաստաբանների պալատի կարծիքը:
Կգան կառուցողական դաշտ և համատեղ կքննարկենք այն բոլոր խութերը, խնդիրները, որոնք կբարձրացվեն մեր կողմից, մասնավորապես՝ միջամտությունը կարգապահական վարույթներին, վերահսկողություն իրականացնող ինչ-որ հանձնաժողովների ստեղծումը, որն այս պարագայում անիմաստ է և այլն: Կարծում եմ՝ այդ դրույթները կքննարկվեն, և նախարարությունը հաշվի կառնի մեր կարծիքը, չի անի գործողություն, որը կվտանգի փաստաբանների անկախությունը և ինքնակառավարումը: Չեմ ուզում բանակցային կամ լավ տրամադրվածության ոչ մի թել իրենց հետ կտրել»,-հավելում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ եզրափակելով. «Արդեն իսկ կայացած, կազմակերպված գործունեություն իրականացնող կառույցները վտանգի տակ են օրենքի այս նախագծի պատճառով»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում