Ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել է վերջին 11 ամսվա գնաճի ցուցանիշները:
2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 22.7% գնաճով: Եթե կարտոֆիլի 1կգ նախորդ տարի նոյեմբեր ամսին եղել է 150 դրամ, ապա այս տարի նույն ժամանակահատվածի համեմատ այն դարձել է 280 դրամ:
2014թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3.0%, թթվասերի՝ 3.1%, մածունի 3.4% գնաճով: 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.5%, 1.5 և 1.7 % գնաճ: Կաթնամթերքի ոլորտում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաքում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.8%-ով:
2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.4%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Ընկույզի միջուկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 131%: Եթե նախորդ տարվա նոյեմբերին ընկույզի 1կգ-ը 7000 դրամ էր, ապա այս տարի նույն ժամանակահատվածում այն դարձել է 9500 դրամ:
Նոյմբերին` հոկտեմբերի համեմատ, լոլիկը թանկացել է մոտավորապես 80 տոկոսով. եթե հոկտեմբերին 1 կգ լոլիկն արժեր միջինը 450 դրամ, ապա հիմա այն արժե 760 դրամ: