«Եթե լացը չի վերածվում գործողության, ապա այն ոչ մի կոպեկ չարժի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմից մեկ տարի անց պատերազմի հասցրած վնասներն ավելի շատ ենք զգում, նաև վիզուալ առումով տեսնում: Թեկուզ մեկ պարզ օրինակ՝ այսօր արդեն փողոցում հաճախ ենք հանդիպում ձեռնափայտով կամ էլ անվասայլակով տղաների, և առաջին միտքը՝ պատերազմի հետևանքն է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է՝ եթե անցյալ տարի պատերազմից վերադարձած տղաներն էին հետսթրեսային վիճակում, ապա հիմա ամբողջ ազգն է այդ վիճակում:
«Միշտ ենք ունեցել բացարձակ նևրոտիզացման ինչոր փուլեր, բայց հիմա շատ ծանր վիճակում ենք, ինչո՞ւ, որովհետև կորցրել ենք ապահով ապրելու, վաղվա օրվան պարզ հայացքով նայելու հնարավորությունը:
Շատացել են այն մարդիկ, որոնք ցանկանում են հանրապետությունից գնալ: Դա ևս շատ լուրջ է, սա էլ իր հետևանքներն է ունենալու: Երբ մարդը ցանկանում է հեռանալ, ունի ճամպրուկային տրամադրություն, ապա նա չի կարող լիարժեք ապրել: Նա ուղղակի մեխանիկորեն ինչ-որ բաներ է անում, չի վայելում իր երկրի բերկրանքը: Հիմա սոցցանցերում շատ են ներբեռնում մեր երկրի տեսարժան, պատմամշակութային վայրերի մասին պատմող տեսանյութեր: Ինձ մոտ տպավորություն է, թե վախ կա՝ իսկ գուցե սա՞ էլ կորցնենք: Մեկն էլ գուցե մեկնում է, մտածում է, որ հնարավոր է այլևս չտեսնի հարազատ վայրերը: Հիմա շատ ծանր վիճակում ենք, երևի թե երբեք չենք եղել նման ծանր հոգեվիճակում: Շատերն անգամ կարծիք են հայտնում, թե նախկինում ինչ լավ ժամանակներում էինք ապրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը:
Ընդգծում է՝ իրեն հաճախ են ասում, որ անուղղելի լավատես է: «Իմ աշխատանքը նաև մարդուն մխիթարություն տալն է: Բայց ինչպե՞ս ես դա անում. երբ ինքդ հիմքեր ունես դրա համար: Հիմա խմորումների մեջ ենք, չգիտենք վաղն ինչ է մեզ սպասվում: Ժամանակից դուրս ենք՝ հինը դուրս է եկել, նորը չի խարսխվել: Այս կարգի ժամանակները շատ ծանր են: Նման ժամանակահատված ապրելու փորձ չենք ունեցել»,-նշում է մեր զրուցակիցը:
Հետո հավելում է՝ միևնույն է, պետք է շարունակենք ապրել: «Եթե սխալ ապրենք, հոգեբանական խնդիրներով, մեզ վրա չաշխատենք, մեր վիճակն ավելի կվատանա: Անցած տարի ինքս անընդհատ լացում էի մեր տղաների համար: Բայց եթե իմ լացը չի վերածվում գործողության, ապա իմ լացը ոչ մի կոպեկ չարժի: Իմ լացը վերածվեց աշխատանքի պատերազմից վերադարձած տղաների, որդեկորույս ծնողների և նրանց ընտանիքի մյուս անդամների հետ: Ամեն մեկս այդպես պետք է վարվենք մեր տեղերում:
Դարավոր սգացող ազգ ենք եղել, սուգը չենք դրել ինքներս մեզ վրա աշխատանք տանելու հիմքում, ուղղակի լացել ենք: Պետք է նոր մտածողություն գա, որքան երկար ենք ապրում, այնքան շատ բան ենք սովորում: Մենք որպես ազգ երկար ենք ապրել, երկար ժամանակ ունեինք սովորելու: Ի վերջո, ինչո՞ւ սա մեզ հետ եղավ: Գուցե այն պատճառով, որ մեր ձայները «բանկաների» դիմա՞ց էինք վաճառում, հինգ հազար դրամով: Դեռ տարիներ առաջ բղավում էի քաղաքացիական հասարակություն կառուցելու անհրաժեշտության մասին: Գոնե հիմա դա պետք է հասկանանք: Եթե այս ամենը որպես դաս ընկալեինք, հասկանայինք, թե ում ենք վստահում մեր ձայնը, գուցե այս ամենը մեզ հետ չպատահեր»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում