Սիցիլիայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
International newsՍիցիլիա կղզու Ռավանուզա քաղաքի բնակելի թաղամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի։ Դեպքի վայրում աշխատող փրկարարները փլատակների տակ չորս դի են հայտնաբերել, երկուշաբթի հաղորդել է ANSA-ն:
Նրանցից մեկը հղիության իններորդ ամսում գտնվող կին է, որն այցելելու էր եկել ծնողներին: Վերջինները նույնպես մահացածների ցուցակում են։ Եվս երկու մարդու ճակատագիր մնում է անհայտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Հզոր պայթյունի հետևանքով երեք տներ փլուզվել են, ևս չորսը՝ վնասվել։ Ավելի քան 100 մարդ մնացել է անօթևան։ Տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի առնչությամբ։ Ողբերգության պատճառների մասին ենթադրությունների թվում է գազի ենթակառուցվածքի կանխարգելիչ սպասարկման բացակայությունը։