Շուռնուխում հարկավոր է շտապ լուծել բուժկետի բացման հարցը
SocietyՍյունիքի մարզի Շուռնուխ գյուղում անհրաժեշտ է շտապ լուծել բուժկետի բացման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 13-ին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Որոտանում, օրինակ, տեղի բնակիչներին առաջին օգնության ցուցաբերման համար գոնե բուժկետ կա։ «Իսկ ահա Շուռնուխում դա էլ չկա։ Տեղի բնակչուհին, որը գյուղում բուժքույր է աշխատում, առաջին բուժօգնություն է ցուցաբերում տներում, բայց նրա ռեսուրսները սահմանափակ են։ Ընդ որում՝ տեղի վարչակազմի ղեկավարը գյուղապետն է, որը զրկվել է տնից»,- ասաց Թովմասյանը։
Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը պետք է լուծի այս խնդիրը ամենասեղմ ժամկետում։ «Առողջապահության նախարարությունը պետք է գյուղին գոնե շարժական կետ հատկացնի առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, քանի որ եղանակի վատացմամբ պայմանավորված՝ Շուռնուխի բնակիչների համար ավելի է դժվարանալու հասնել Գորիս»,- նշեց պատգամավորը։