Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրին մասնակցությունը
International newsՌուսաստանը շաբաթ պաշտոնապես դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Մոսկվան համաձայնագրից դուրս գալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել դրանից, իսկ նրա եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են ռուսական կողմին երաշխիքներ տալ, որ ռուսական տարածքով թռիչքների ժամանակ հավաքված տեղեկատվությունը չի փոխանցվի Վաշինգտոն, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին եւ դարձել սառը պատերազմից հետո Եվրոպայում վստահության ամրապնդման միջոցներից մեկը։ Այն գործում է 2002 թվականից եւ թույլ է տալիս անդամ երկրներին բացահայտ տեղեկատվություն հավաքել միմյանց ռազմական ուժերի մասին: Մինչեւ վերջերս պայմանագրի կողմ էին 34 պետություններ։
Դեռեւս պարզ չէ, թե ինչ է անելու Բելառուսը, որը Ռուսաստանի հետ պայմանագրով մեկ խմբի մաս էր կազմում: Մինսկն ընդգծում է, որ «բաց երկնքին» Բելառուսի հետագա մասնակցության կամ չմասնակցության մասին որոշումը մանրակրկիտ կվերլուծվի եւ կկայացվի Մոսկվայի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Թե ինչ որոշման է հանգել Բելառուսը, դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել։