Վթարի է ենթարկվել բազմաթիվ աղմկահարույց ավտոպատահարներ քննած գնդապետը․ կա վիրավոր
SocietyԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշենի բանտի մոտ բախվել են Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գագիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մելիքյանի վարած Nissan Note մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդ Գ. Հարությունյանը նախկինում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, ով բազմաթիվ ծանր և աղմկահարույց ճանապարհատրանսպորտային, այդ թվում՝ ողբերգական, պատահարներ է քննել և քննչական ապարատում նրան անվանում էին «Շերլոկ Հոլմս», քանի որ, եթե նա գալիս էր վթարի վայր, ապա ամեն մի մանրուք, ամեն մի հետք, որով հնարավոր էր լինում՝ հանգիստ աշխատեին փորձաքրեագետները, նա տեսնում ու ֆիքսում էր։
Նա այժմ աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի պետ, կոչումով գնդապետ է։ Իսկ Գևորգ Մելիքյանը նույնպես աշխատում է քրեակատարողական ծառայությունում։