«Շնորհակալ եմ իմ քաջարանցիներին, բոլորին». Մանվել Փարամազյան
Society168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ փոփոխվել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։
Գրավը մուծելուց հետո նա ազատ պիտի արձակվեր։
Քիչ առաջ Քաջարանի համայնքապետն ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից: Նրան դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերներ, հարազատներ, ինչպես նաև իր փաստաբանական թիմը:
Լրագրողների հետ զրույցում Մանվել Փարամազյանը շնորհակալություն հայտնեց իրեն սատարող մարդկանց, քաջարանցիներին ու իր փաստաբաններին:
«Քանի որ ես 6 ամիս է՝ մեկուսացված վիճակում եմ, կտրված եմ ամեն ինչից, չեմ կարող գործընթացների հետ կապված ձեր հարցերին պատասխանել: Մոտ ժամանակներում հնարավորություն կստեղծենք՝ պատասխանելու յուրաքանչյուրիդ հարցին»,- ասաց Քաջարանի համայնքապետը:
Անդրադառնալով իր առողջական վիճակի հետ կապված հարցերին՝ Մանվել Փարամազյանն ասաց, որ առողջական լուրջ խնդիրներ ու երկարատև բուժման կարիք ունի:
Քաջարանի համայնքապետի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն էլ նշեցին՝ այս պահին միայն ուրախ են, որ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է:
«Դատական պրոցեսն ընթանալու է անկախ ամեն ինչից: Մեղադրանքներին բոլորը ծանոթ են, համոզված ենք՝ ժամանակի ընթացքում դատարանում արդեն բոլորը կհասկանան, որ Փարամազյանը դրանց հետ կապ չունի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Լուսինե Սահակյանը միացավ գործընկերոջը և հավելեց, որ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված Մանվել Փարամազյանին, ու չկա գեթ մեկ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Փարամազյանը հանցագործություն է կատարել: