«Քաղաքական պաուզայի» հրամայականը
AnalysisՔաղաքագիտության տեսության մեջ խոսվում է «քաղաքական դադարի» կամ միջազգային տերմինով՝ «պաուզայի» մասին, որը, որպես կանոն կիրառվում է պրակտիկ քաղաքականության մեջ։ Իրականում քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ դադարները կարևոր նշանակություն ունեն։ Հաճախ երկրներն իրենց նպատակներին հասնում են ոչ միայն ակտիվ գործողությունների, այլ նաև ճիշտ ժամանակին վերցված քաղաքական պաուզաների շնորհիվ, քանի որ գալիս է մի փուլ, երբ ձեռքբերումների ու ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատական տալու և դրան համապատասխան դիրքավորվելու համար պետք է թայմ աութ։
Ընդգծենք, որ նմանօրինակ դադարները կենսականորեն անհրաժեշտ են հատկապես պատերազմներից հետո ու հատկապես պատերազմում պարտվող կողմին՝ կատարվածից ուշքի գալու, պետությունը վերակենդանացնելու, երկիրը կայունացման ու զարգացման հուն տեղափոխելու համար։ Այն դեպքում, երբ բոլոր պատերազմներից հետո հաղթող կողմերը ցանկանում են հնարավորինս արագ հաջողություններ արձանագրել նաև հետպատերազմական շրջանում՝ հաղթանակի էյֆորիան կապիտալիզացնելու համար։
Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ հենց այս հակադրությունները տեղ ունեն հիմա մեր տարածաշրջանում ու Հայաստանի պարագայում։ Ակնհայտ է, որ ներկայումս Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են և անում են պատերազմում տարած հաղթանակը հնարավորինս արագ նաև քաղաքական արդյունքների վերածելու համար։ Դրա համար նրանց օր առաջ պետք է ՀՀ-ի հետ խաղաղություն կնքել ու հասնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, հիմա գտնվում է իր պատմության մեջ ամենաթույլ վիճակում և հեշտորեն համաձայնելու է թուրք-ադրբեջանական բոլոր պայմաններին։
Եթե թուրք-ադրբեջանական կողմի քայլերը տրամաբանված են ու բխում են նրանց շահերից, ապա խելամիտ իշխանություն ունենալու դեպքում Հայաստանն ամեն ինչ պետք է աներ քաղաքական դադար վերցնելու, այդ ընթացքում պետական կառավարման համակարգերը նոր իրողություններին ադապտացնելու համար, ինչը հնարավորություն կտար որոշ ժամանակ անց և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ անհամեմատ ավելի ամուր դիրքերից, փոխարենը մենք տեսնում ենք տրամագծորեն հակառակ պատկեր։
Ըստ էության, այդ դադարը վերցնելու փոխարեն, ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նետվեց «խաղաղության դարաշրջան» բացելու՝ սեփական նախաձեռնությամբ պարկելով Ադրբեջանի ու Թուրքիայի տակ։ Այսինքն՝ Փաշինյանն արեց այն, ինչը բխում էր ոչ թե պատերազմում պարտված Հայաստանի, այլ հաղթած կողմերի շահերից։ Սա է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացի ամենախորքային խնդիրը և ոչ Հայաստանի կողմից բանակցողի մասնագիտական փորձը կամ լրջության աստիճանը։
Եթե անկեղծ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը փայլուն հասկանում է քաղաքական պաուզայի կարևորությունը, ասեմ ավելին՝ նա հենց գիտակցելով էլ շտապում է։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող շտապողականությունը պետք է նաև Նիկոլին։ Ամենայն հավանականությամբ՝ հենց դա է նրա՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու աշխարհաքաղաքական գինը, որը նա վճարում է Հայաստանի ազգային շահերի հաշվին։
Արմեն Հովասափյան