Ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Կադաստրի կոմիտեի ներկայացրած նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն: Առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:
Մշակված նախագծի հիմնական նպատակները մի քանիսն են: Նախ՝ խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճը, երկրորդ՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը։ Առաջին նպատակի իրագործման համար նախատեսվում է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող և այլ փաստաթղթեր էլեկտրոնային ներկայացնելու պարտականությունը դնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների վրա։ Համապատասխան փաստաթղթեր տրամադրող սուբյեկտների մեծամասնությունն (եթե ոչ բոլորը) ունեն անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն, ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ բարդությունների կատարել նրանց վերապահվող պարտականությունը։
Դա նաև հնարավորություն է ստեղծում պարզեցնել գրանցման և տեղեկատվության տրամադրման վարույթները՝ դիմումատուներին ազատելով մեծաքանակ փաստաթղթերի հավաքագրման, հերթագրման և ներկայացման պարտականությունից (դիմումատուն կոմիտե պետք է ներկայացնի ընդամենը իրավասու սուբյեկտների տրամադրած էլեկտրոնային փաստաթղթերի անհատականացման տվյալները), ինչն էլ ինքնաբերաբար կբեռնաթափի Կոմիտեի ծանրաբեռնվածությունը։ Հաշվի առնելով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հնարավորությունները և էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունը, նախատեսվում է՝ նրանք Կոմիտե կարող են դիմել և անհրաժեշտ ծառայություններից օգտվել էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության խթանման համար նաև նախատեսվում է, որ միասնական տեղեկանքը կարող է պահանջվել և տրամադրվել միայն էլեկտրոնային եղանակով։ Երկրորդ՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում նախատեսվում է՝ լիազոր մարմինը այս ոլորտում գործունեության որակավորման վկայական ստացած անձանց համաձայնությամբ պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս անվանացանկը և նրանց տրամադրած կապի միջոցները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում