Ես քեզ ծնեցի, ես էլ քեզ կսպանեմ
AnalysisՆախօրեին բոլորիս ուշադրության կենտրոնում Երևանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստն էր, որը հրավիրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով։ Ինչպես և սպասելի էր, իշխող ավագանու անդամները, հլու կամակատարների նման, ձեռքի մի շարժումով ի կատար ածեցին վերևից եկած հրահանգը և Մարությանը հրաժեշտ տվեց քաղաքապետի պաշտոնին։ Եթե կատարվածը արտահայտենք Տարաս Բուլբայի խոսքերով՝ ես քեզ ծնեցի, ես ինքս էլ քեզ կսպանեմ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը Մարությանից ուղղակի խլեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
Ի դեպ՝ չնայած գործընթացը տեղի ունեցավ ֆորմալ ընթացակարգերի պահպանմամբ, բովանդակորեն կատարվածն իշխանության բռնազավթում էր՝ ուզուրպացիա, քանի որ Փաշինյանն ընտրված պաշտոնյայից ոչ ընտրական մեխանիզմով վերցրեց իշխանությունը։ Բառացիորեն նույն ընթացակարգով, ինչպես 2018-ի հոկտեմբերին՝ փողոցի ճնշմամբ հասավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակմանը և նույն թվականի դեկտեմբերին բռնազավթեց օրենսդիր իշխանությունը։
Կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի համար իշխանության բռնազավթումն այսպիսով դարձել է քաղաքական սովորություն, ընդ որում, ժամանակի հետ նրա ախորժակը բացվում է, և պատասխանատվություն չկրելով ուզուրպացիայի նախորդ դեպքերի համար, նա ագահաբար փորձում է վերահսկողություն հաստատել իշխանության բոլոր ճյուղերի ու մարմինների նկատմամբ։ Պատահական չէ, որ հենց հիմա ինտենսիվ գործընթացներ են կատարվում նաև դատական համակարգում, որտեղից դուրս են դրվում դեռևս անկախ ու ինքնուրույն մնացած վերջին դատավորները, կարճ ժամանակ անց ողջ դատական համակարգը կդառնա Նիկոլի հլու կամակատարը։
Ստացվում է, որ առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում, նա, փաստացի, բացարձակ վերահսկողություն կունենա իշխանության բոլոր թևերի նկատմամբ՝ կառավարություն, ԱԺ, դատական համակարգ, Երևանի քաղաքապետարան։ Ամբողջական իշխանության բռնազավթման սխեման որոշ չափով խափանվել է միայն վերջին ՏԻՄ ընտրություններում, երբ այդուհանդերձ բազմաթիվ համայնքներում ընտրվեցին ոչ իշխանական թեկնածուներ, սակայն նրանց դեմ էլ ակտիվ ռեպրեսիվ գործընթացներ են տեղի ունենում, և մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց փաշինյանական իշխանությունը կհաստատվի չնչին բացառությամբ բոլոր համայնքներում։
Վստահ եմ, որ միանշանակ կհամաձայնեք, որ այս գործընթացը ոչ միայն որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, այլ ժողովրդավարության ոտնահարման գործընթաց է, ու զարմանալին, գուցե նաև տարօրինակն այն է, որը այս ամենը տեղի է ունենում Փաշինյանին ծափահարող ժողովրդավարական աշխարհի ու քաղաքացիական հասարակության լուռ համաձայնությամբ ու խրախուսմամբ։ Ստացվում է, որ բոլոր ծափահարողներին և լռողներին պետք է փաշինյանական բռնապետության հաստատումը, երևի որովհետև այդպես ավելի հեշտ կլինի Հայաստանից ստանալ այն, ինչը արգելքների կարող էր հանդիպել հակակշիռների ու փոխզսպումների համակարգեր ունեցող ժողովրդավարական իշխանության պայմաններում։
Երեկ լսեցի նաև Մարությանի եզրափակիչ խոսքն ու հնչեցրած գնահատականները, եթե անկեղծ ասեմ, ոչ մի անգամ չեմ համակրել նրան ու շարունակում եմ մնալ նույն կարծիքիս, որ Նիկոլի հետ իշխանություն զավթածները նույն կտավից են, քանի որ ազգադավի հետ ճամփա են անցել։ Մարությանի երեկվա խոսքից միանգամից նկատվեց, որ թեև անցած երեք տարիներին պահպանել է քաղաքական չեզոքություն ու լռություն, սակայն ելույթում ցույց տվեց, որ բավականաչափ հասունացել է քաղաքականապես և այդ որակներով Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում՝ կարող էր իրական հակակշիռ դառնալ Փաշինյանի իշխանությանը։
Ստացվում է, որ հենց Մարությանի քաղաքականապես հասունացումն է հանդիսացել նրան այդ պաշտոնից հեռացնելու հիմնական պատճառն ու մոտիվացիան։ Ըստ էության, Փաշինյանը չի կարողացել հանդուրժել, որ հսկայական ազդեցություն ունեցող Երևանը կարող է ղեկավարել իրեն չենթարկվող ու սեփական կարծիք ունեցող մեկը։
Արմեն Հովասափյան