Սպանության փորձ Վեդիում. պայթեցրել են քաղաքացու ավտոմեքենան (ֆոտո)
SocietyԴեկտեմբերի 31-ին սպանության փորձ է կատարվել Վեդիի բնակչի դեմ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին քաղաքացին հաղորդում է տվել ոստիկանության Արարատի բաժին, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցում գտնվող շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով մոտ 3-4 մետր հետընթաց կատարելուց հետո ավտոմեքենայի տակի հատվածից լսել է կասկածելի ձայներ, որից հետո արագ իջել է և տեսնելով, որ ավտոմեքենայի տակ մալուխ է կախված, անմիջապես մտել է շքամուտք, որից հետո լսել է ավտոմեքենայի պայթյունի ձայնը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պայթյունի հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական վնասի չափը, վերջինս, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև պայթյունատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: