ԶԼՄ-ներ. Ղազախ ժողովրդի «հայրը» փախել է Ղազախստանից
International newsՂազախական անկախ Orda.kz կայքը իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է երկրից նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, որն արժանացել է «ազգի հայր» տիտղոսին, փախուստի մասին։
«Ուշագրավ է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ոչ պաշտոնական իշխանությունները, ոչ պետական հեռուստաալիքներն ու ԶԼՄ-ները չեն հիշատակում Նուրսուլթան Նազարբաեւի եւ նրա ընտանիքի անդամների անունները։ Չի տեղեկացվում նաեւ այն մասին, թե որտեղ են նրանք եւ ինչ է պատահել նրանց։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջին նախագահն ու նրա դուստրերը իրենց ընտանիքներով հեռացել են երկրից։ Ղազախստանում մնացել է միայն ավագ եղբայր Բոլատ Նազարբաեւը։ Պաշտոնական տեղեկություններում եւ ելույթներում նաեւ մայրաքաղաքը Նուր Սուլթան չեն անվանում»,- գրում է նշյալ լրատվամիջոցի խմբագիրը։
Նշենք, որ նախօրեի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄԷ-ից ղրղզական «Մանաս» օդանավակայան է եկել Նազարբաեւի ընտանիքին պատկանող երկու ինքնաթիռ։ Այստեղ նրանք լիցքավորվել են եւ, հավանաբար, թռել Ղազախստան։ Լուրը չի հերքվել։