«Բոլորը՝ մեկ «ափսեի» մեջ. աշխարհը վառոդի տակառի վրա է». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Ալիևի՝ օրերս արված հերթական հայտարարություններին:
«Մեծ հաշվով, մեր թշնամիները շարունակելու են հնարավորինս ցինիկ պահվածք դրսևորել: Ու որքան զարմանալի չէ այս վարքագիծը, նույնքան զարմանալի չպետք է լինի Հայաստանի այս իշխանությունների զրո արձագանքն այդ ամենին: Երկրի ղեկավար կոչվող Փաշինյանը որևիցե մի հայտարարության չի պատասխանել, որովհետև նա մեծ աշխարհաքաղաքական պրոյեկտի համանախագահ է: Այդտեղ են նաև Էրդողանն ու Ալիևը, և այդ պրոյեկտով միասին վերաձևում են Հարավային Կովկասի քարտեզը, ինչը կարող է նույն քարտեզից Հայաստան հասկացողության վերացմանը հանգեցնել: Սա է պատճառը, որ այս իշխանությունների պարագայում որևիցե արձագանք չենք տեսնում: Ի դեպ, այս իմաստով վերջին օրերին Ալիևը իր խոսքում հիշել էր նաև ՀՀ նախկին նախագահներին:Բնական է, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը նման իրավիճակ ոչ մի պարագայում թույլ չէր տա ու ավելի կոշտ կարձագանքեր»:
Ինչ վերաբերում է կոշտ արձագանքի փոխարեն կրկին կառավարության նիստի ժամանակ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելուն, նա հավելեց. «Համոզված եմ, որ Հայաստանն այսօր գրավյալ երկիր է, որի իշխանությունները համերաշխորեն գործում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բնական է, որ այդ տրամաբանությամբ պետք է արվեն հայտարարություններ հենց այն «ոգով», ինչպես արվեց նաև կառավարության վերջին նիստի ժամանակ: Զարմանալի չէ. երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներն ունեին «գաուլայթեր», որը գրավյալ տարածքների ինչոր մի շրջան էր ղեկավարում: Փաշինյանը, փաստորեն, «գաուլայթեր» է, որը ղեկավարում է Հայաստանը, որը, փաստորեն, գրավել է: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ մեր ժողովուրդն արթնանալու է ու ազատվի իր այս ծանր բեռից»:
Մեր զրուցակցի խոսքով, մեր թշնամիներն օգտվում են այն բարդ աշխարհաքաղաքական վիճակից, որն այսօր ձևավորվել է ամբողջ աշխարհում: «Մի դրական հանգամանք, ամեն դեպքում, կա. ղազախական դեպքերից հետո, երբ տեղի ունեցավ ՌԴ և Չինաստանի ղեկավարների զրույցը, առաջին անգամ խոսվեց այն մասին, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում գունավոր հեղափոխությունները: Հատկապես Ռուսաստանում վերջապես հասկացել են, թե ինչ է կատարվում, որովհետև չինացիներն ամեն ինչ դեռ վաղուց են հասկացել ու այդ ամենը փորձում են հօգուտ իրենց շուռ տալ: Հուսանք, որ ՌԴ-ի կողմից ավելի սուր կգնահատվեն իրենց իսկ անվտանգությանը սպառնացող գործոնները: Իզուր չէ նաև Ալիևի այցն Ուկրաինա:«Բոլորը՝ մի ափսեի մեջ» գործընթացների մասին է խոսքը: ՌԴ-ի համար նույն Դոնբասը, Ղրիմը, Լուգանսկը նույնքան կարևոր արժեք են, որքան մեզ համար՝ Ղարաբաղը: Հիմա թուրքերը հայտարարում են, թե Ղրիմը ոչ թե Ուկրաինայինն է, այլ իրենցը: Մեծ հաշվով, մեր թշնամիներն օգտվում են ստեղծված գլոբալ իրավիճակից, որն ավելի քան պայթյունավտանգ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից անկախ աշխարհաքաղաքական միավոր դառնալու ցանկություն է նշմարվում, որի առաջատարը Ֆրանսիան է:
Ըստ նրա, ԵՄ-ում փորձում են մեղմել տոտալիտար ամերիկյան ազդեցությունը, որն ամերիկյան գաղութ է դարձել: «ԱՄՆ-ում 1990-ականներից, պայմանականորեն ասած, կառավարվող քաոսի ինստիտուտ է գործում: Ըստ դրա, տարբեր երկրներում քաոս են ստեղծում և համարում, որ այն կառավարվող խնդիր է: Եվ այն կառավարում են այնպես, որն այդ քաոսը մաքսիմալ վնաս տա այդ երկրին ու առավելագույն օգուտ՝ կազմակերպողներին: Դեռ մեկ տարի առաջ ամերիկացիները լքեցին Աֆղանստանը, ու թալիբները մտան այդտեղ: Դեպի Ղազախստան ահաբեկիչների, զինյալների ազդեցության վտանգը հենց Աֆղանստանից էր: Ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված սիմվոլիկ ժամացույց կա, որը ցույց է տալիս, թե որքան է մնացել համաշխարհային ապոկալիպսիսին՝ միջուկային պատերազմին: Այն պետք է լինի «ժամը 12-ին», որին «մի քանի րոպե» է մնացել:
Ամբողջ աշխարհը գտնվում է վառոդի տակառի վրա, որն ամեն րոպե կարող է պայթել: Հույս ունեմ, որ դրա կործանարարությունն այնքան ակնհայտ կլինի բոլորի համար, որ ոչ ոք չի ցանկանա սկսել այն: Հուսանք, որ ոչ ոք չի սեղմի այդ կոճակը: Ամեն դեպքում, բանակցությունների առկայությունն ավելի լավ է, քան սկսվող պատերազմները: Ու այս առումով բանակցությունների ինչ-որ գործընթաց է սկսվել, որովհետև մինչ այս Արևմուտքն իր արժանապատվությունից ցածր էր համարում խոսել ՌԴ-ի և Չինաստանի հետ: Հարց է, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին, որտեղ կառավարվող քաոս է ստեղծվել, և այդ քաոսից դժվար է ազատվել: Ամեն դեպքում, պետք է կարողանալ թոթափել ՀՀ իշխանություն կոչվող այս օկուպանտների լուծը և ունենալ իշխանություն, որը կմտածի գիտության, կրթության ու հայրենասիրական գաղափարախոսության մասին»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում