Նազարբաևի փեսան վայր է դրել ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի լիազորությունները
International newsՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաևը, հայտարարել է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է պալատի կայքում զետեղված նրա հայտարարության մեջ:
«Այսօրվանից ես որոշել եմ վայր դնել «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության ընտրված նախագահի իմ լիազորությունները»,-ասել է նա: Հայտարարության մեջ Կուլիբաևը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ամփոփել աշխատանքի արդյունքները:
Իր հրաժարականի պատճառը նա չի պարզաբանել: Կուլիբաևը և նրա կինը երկրի խոշորագույն բանկի՝ Ղազախստանի ժողովրդական բանկի սեփականատերերն են: Հունվարի 15-ին «Սամռուկ-Կազինա» ազգային բարեգործական հիմնադրամը հաղորդել էր «Ղազտրանսսոյլ» ընկերության ղեկավար Դիմաշ Դոսանովի և «ՂազախԳազ» ազգային բաժնետիրական ընկերության (նախկին անվանումը՝ «ՂազՏրանսԳազ») ղեկավար Կայրաթ Շարիպբաևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Առաջինը Նազարբաևի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է, իսկ երկրորդին Ղազախստանի ԶԼՄ-ները համարում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի ամուսինը:
Ալիա Նազարբաևան հունվարի 13-ին Facebook-ում և Instagram-ում հաղորդագրություն էր զետեղել, որում հայտարարել է, որ ծանր է տանում երկրում կատարվող իրադարձությունները և շնորհակալություն է հայտնել ղազախստանցիներին՝ իր հոր նկատմամբ ցուցաբերված աջակցության համար: Ինչպես ուշադրություն են դարձրել ինտերնետ-օգտատերերը, Instagram-ը պարզել է, որ օգտահաշվի տերը գտնվում է ԱՄԷ-ում:
Դրանից հետո օգտահաշիվները դադարել են հասանելի լինել: Դարիգա Նազարբաևան ներկա չի գտնվել խորհրդարանի հունվարի 12-ի նիստին: Պալատի մամուլի ծառայությունը ճշտել է, որ Նազարբաեւան հիվանդ է: