$500մլն գնահատվող միջազգային ստարտափը Հայաստանում կրկնապատկելու է իր թիմը
Society- CodeSignal-ը (Քոդսիգնալ) իր միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ կբացի Հայաստանի ՏՏ մասնագետների համար
- Ընկերությունը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ
- CodeSignal-ում վստահ են, որ հաջողության գաղտնիքը հենց ուժեղ և մոտիվացված թիմ ունենալն է
CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։ Այս ներդրումները ընդլայնման և աճի մի շարք նոր հնարավորություններ են բացում։ Ծրագիրն էլ ավելի կատարելագործելու և նոր գործիքներ ավելացնելու նպատակով նախատեսվում է մեծացնել թիմը Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։
2021թ-ին CodeSignal-ը ներառվեց The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Ընկերության հաջողության առանցքը ուժեղ ու միասնական թիմն է և այդ թիմին մոտիվացնող ու ոգեշնչող ղեկավարությունը։ Այստեղ ջանք չեն խնայում, որպեսզի թիմը սիրով աշխատի, թիմի յուրաքանչյուր անդամ ունենա մասնագիտական աճ, հետաքրիր աշխատանք և իրեն կարևորված զգա։
FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար։ Ինչպես նշում է համահիմնադիր Տիգրան Սլոյանը, ստեղծման առաջին իսկ օրվանից CodeSignal-ն օգնում է ԱՄՆ մի շարք հեղինակավոր ընկերությունների գտնել լավագույն մասնագետներին՝ տրամադրելով աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ։
Հիմնադիրները վստահ են, որ այս ոլորտում դեռ շատ գործ ունեն անելու։ Իսկ հավակնոտ նպատակներին հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ։