Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի
SocietyՄարդկանց հետ շփվելուց ես հասկանում եմ, որ իրենք մոտ օրերս մեծ բողոքի ակցիա են իրականացնելու: Նրանք շարունակում են դեմ մնալ Ծովագյուղի և Սեմյոնովկայի համայնքների Սևանի մեջ մտնելուն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը՝ նշելով, որ կառավարության կողմից իրենց առաջ քաշած խնդրին դեռ որևէ արձագանք չկա:
«Բնակիչները որոշել են հունվարի 24-ին ճանապարհ փակել։ Ուզում են գոնե այդ կերպ իրենց խնդիրը լուծում ստանա»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ Սևանի նորընտիր համայնքապետ Սարգիս Մուրադյանը դեռ չի էլ հանդիպել բնակիչների հետ՝ խնդիրը քննարկելու համար։ Սեմյոնովկա համայնքապետը վստահ է, որ կառավարությունը լավ էլ տեղյակ է իրենց խնդիրներին, սակայն թե ինչու է «լռում» չեն հասկանում:
Ծովագյուղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն էլ նշեց, որ տեղյակ չէ նոր հասունացող բողոքի ակցիայից, սակայն իր համայնքի բնակիչներն էլ են շարունակում մնալ իրենց մտքին՝ չեն ուզում մտնել Սևանի մեջ և վերջ. «Ժողովուրդը իր ընտրությունն արել է դրան չմասնակցելով, հույսս չեմ կորցնում, կարծում եմ, որ կառավարությունը ի շահ ժողովրդի լուծում կտա մեր խնդրին: Ժողովուրդը ոնց կորոշի, տենց էլ կլինի»,- ասաց նա:
Վահրամ Գևորգյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չունեն Սևանի համայնքապետի հետ, այստեղ խնդիրը անձնային չէ. «Սևանի համայնքապետը իմ ընկերն է, անձնապես որևէ տարաձայնություն չի կարող լինել մեր միջև, պարզապես, սա ժողովրդի ցանկությունն է»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի իրենց խնդրի լուծման համար՝ բնակիչները իրենք կորոշեն, թե ինչ կլինի հետագայում,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները չէին մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Համայնքների բնակիչների՝ ընտրություններին չմասնակցելու պատճառն այն էր, որ նրանք դեմ են կառավարության կողմից ընդունված Ծովագյուղին ու Սեմյոնովկայի Սևան խոշորացված համայնքի մեջ մտնելուն։ Նրանք ցանկանում են, որ միայն Սեմյոնովկան ու Ծովագյուղը միավորվեն։