Իշխանության առաջ քաշած հերթական անհեռանկար գործիքակազմը
AnalysisՎերջին շրջանում, իշխանությունները միմյանց հերթ չտալով, անհասկանալի ու ռիսկային օրենքների ընդունման շքերթ են սկսել, որոնց հետագա ազդեցությունն ու հետևանքները կարող ենք ասել չեն գնահատվել ու ուսումնասիրվել։ Կոնկրետ այն, ինչ իշխանություններն անում են անկանխիկ գործառնությունները սահմանափակելու անվան տակ, բխում է գլխավորապես ֆինանսական կառույցների շահերից։ Դրանից շահում են առաջին հերթին՝ բանկերը, որոնք լրացուցիչ եկամուտներ գեներացնելու հնարավորություն են ստանում՝ տնտեսության ու քաղաքացիների հաշվին։
Ինչպես հայտնի է՝ ցանկացած փոխանցում կամ կանխիկացում, որն իրականացվում է ֆինանսական համակարգի միջոցով, որոշակի գին ունի։ Այդ գինը վճարում են տնտեսական հատվածի մասնակիցներն ու քաղաքացիները։ Վճարում են բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին։ Որքան էլ հայտարարվի, թե ԿԲ-ն կզսպի բանկերի ախորժակը և չարաշահումներ թույլ չի տա, միևնույն է, այդ գինը վճարվելու է։
Ստացվում է այնպես, որ բանկերը շահում են նաև նրանով, որ հնարավորություն են ստանում լրացուցիչ եկամուտներ գեներացնել՝ այստեղ շրջանառվող գումարների հաշվին։ Դրա հետ մեկտեղ զարմանալի չէ, որ բանկային համակարգի ներկայացուցիչները և դրանց մոտ կանգնած մարդիկ այդքան համառորեն փորձում են այն կյանքի կոչել։ Անունը դրել են ստվերի կամ փողերի լվացման դեմ պայքար ու առաջ են տանում իրենց շահը։ Եթե նույնիսկ համարենք, որ անկանխիկ գործարքներն արդարացված են, միևնույն է, այսօր հասարակության մի ստվար զանգված ի վիճակի չէ օգտվել այդ համակարգից։
Այնպես, որ այդպիսի սահմանափակումներ կիրառելուց առաջ՝ նախ հարկավոր էր կրթել հասարակությանը, բարձրացնել նրա ֆինանսական գրագիտությունը։ Հակառակ դեպքում, պետք էր թույլ տալ, որպեսզի քաղաքացին ինքնուրույն որոշի՝ ո՞ր տարբերակն է իրեն ավելի ձեռնտու՝ կանխի՞կը, թե՞ անկանխիկը։ Եթե անկանխիկն այդքան ձեռնտու է, մարդիկ առանց վարանելու կանցնեն անկանխիկի։
Ըստ էության, այսօր էլ Հայաստանում քիչ չեն անկանխիկ գործարքները։ Դրանք տարեցտարի ավելանում են և առանց պարտադրանքի, մարդիկ ինքնակամ օգտվում են անկանխիկ վճարումների համակարգից։ Կասկած չկա, որ առանց սահմանափակումների կիրառման էլ առաջիկայում օգտվողների թիվն աճելու էր։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են իշխանություններն ուզում, որ ամեն ինչ պարտադրանքով լինի։ Չեն ուզում թողնել, որ քաղաքացին ինքնուրույն համոզվի դրա նպատակահարմարության մեջ։ Եթե կարծում են, որ քաղաքացու համար արհեստական դժվարություններ ստեղծելով, ստվերային տնտեսության դեմ են պայքարում, չարաչար սխալվում են։ Այն, որ այլ երկրներում նման սահմանափակումներ չկան, դա չի նշանակում, թե խեղդված են ստվերային տնտեսության ու փողերի լվացման մեջ։
Նշանակում է, որ կանխիկի շրջանառության նոր սահմանափակումներ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկա, եթե, իհարկե, այս ամենի տակ այլ նպատակներ չեն թաքնված։ Այդպիսի նպատակներ, ըստ էության, կան և դրանցից մեկն էլ բանկերին ու մյուս ֆինանսական հաստատություններին եկամուտներ ստանալու նոր հնարավորություններ տալն է։ Այլ արդարացումներն անտեղի են, որքան էլ այդպիսի փորձեր արվում են։
Փաստն այն է, որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակն ու տնտեսական կատաստրոֆիկ իրադրության պատճառը կանխիկ գործարքները չեն, և ոչ էլ դրանք են խանգարում տնտեսության զարգացմանը։ Կանխիկի նկատմամբ նման սահմանափակումներ կիրառելուց առաջ իշխանությունները պարտավոր են մարդկանց իրական եկամուտներն ավելացնել, աշխատանքով ու նորմալ կյանքով ապահովել, հետո նոր նման խնդիրներ առաջադրելու մասին մտածել։
Արսեն Սահակյան