Թվացիալ անմեղսունակությո՞ւն, թե՞ գիտակցված անբարոյականություն
AnalysisՀայաստանում բնակվող ոչ մի բանական քաղաքացու համար գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու հրապարակային հայտարարությունները վաղուց դուրս են պրոֆեսիոնալիզմի կամ ոչ պրոֆեսիոնալիզմի, կոմպետենտության կամ ոչ կոմպետենտության տիրույթներից. դրանք առաջին հերթին ենթակա են մեղսունակության ստուգման։
Բոլորիս աչքի առաջ ընդամենը մեկ տարի առաջ պատերազմում պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու օկուպացված տարածքներ ունեցող պետության ղեկավարը շարունակաբար հրապարակավ հանդես է գալիս այդ ամենի հեղինակ, թշնամական պետության ու դրա նախագահի պաշտպանության դիրքերից, պարբերաբար տիրաժավորում է ադրբեջանական թեզեր, ակնհայտ է, որ դա դուրս է ոչ միայն ոչ պարզագույն քաղաքական տրամաբանության, այլ անգամ մարդկային բանականության ու բարոյականության շրջանակներից։
Ըստ էության, խնդիրը միայն առաջին հայացքից է գտնվում մեղսունակության հարթությունում, որովհետև եթե գործ ունենայինք իշխանության անհատական ու հավաքական մեղսունակության խնդրի հետ, ապա դա պետք է վերաբերեր նաև այլ հարցերի ու ոլորտների։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է սեփական դիրքերի ամրապնդմանը, պարգևավճարներին ու կոռուպցիոն այլ դրսևորումներին, քաղաքական ընդդիմախոսների հետապնդումներին՝ գործող իշխանությունը ոչ միայն չափից ավելի մեղսունակ է, այլև վարվում է առավել քան հաշվենկատ, հաշվարկված ու կշռադատված։
Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի շահերը սպասարկող հայտարարությունները անմեղսունակությանը վերագրելն ինքնին անմեղսունակություն է. իրականում բոլոր այդ հայտարարությունները չափից ավելի մտածված են, հաշվարկված և կշռադատված։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևների փաստաբանությամբ Նիկոլը զբաղվում է ոչ թե անմտորեն, էմոցիոնալ ինչ-ինչ ազդեցությունների ներքո, այլ խիստ հաշվենկատորեն, ինչից բխում է նաև, որ այդ հարցում նա ունի շատ որոշակի շահեր, ու ոչ միայն այն պատճառով, որ երբևէ ոչինչ չի արել առանց սեփական շահի։ Հետևաբար՝ Ալիևի պաշտպանությունը բխում է ոչ միայն հենց Ալիևի, այլ նաև Նիկոլի շահերից։ Այսինքն՝ որքան էլ հակատրամաբանական է ու նողկալի, Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի, Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի շահերը նույնական են և համընկնում են։
Ստացվում է՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով առաջնորդվում է Հայաստանին պարտության մատնած ու Արցախի մեծ մասը օկուպացրած պետության շահով։ Քիչ թե շատ առողջ հասարակությունում այս իրողությունն անխուսափելիորեն կհանգեցներ հանրային հուզումների, ընդվզումների, ամեն ինչի, բայց ոչ՝ անտարբերության։
Ասվածի մեջ մառազմն այն է, որ հայ հասարակությունը լեթարգիական հանգստությամբ հետևում է սեփական պետությունը թշնամուն մատաղ անելու սույն ակտին, որը մատաղ անողին էլ ավելի մեծ վստահություն է ներշնչում իր հակապետական բոլոր գործողություններում հղում անելու «ժողովրդի տված պողպատե մանդատին»։ Սա ավելի է մեծացնում Փաշինյանի ծառայությունների գինն Ալիևի առաջ. նա, փաստորեն, ՀՀ շահերը ոտնատակ է տալիս ոչ միայն անձամբ իր ու իր իշխանության, այլև «պողպատե մանդատ տված ժողովրդի» անունից։
Լիպարիտ Հակոբյան