Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման
SocietyԱյս պահին ԿԳՄՍ նախարարությանը հեռավար կրթության անցնելու համար տեղեկացրել է հանրապետության 6 դպրոց: Zarkerak.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը տեղեկացրեց, որ 14 օրվա հեռավար են անցել թիվ 29, «Հերացի», թիվ 190, 54, 158 ավագ դպրոցները և «Հայ կրթություն» մասնավոր դպրոցը:
«Հիմնականում ավագ դպրոցներն են անցնում հեռավարի, քանի որ այս դպրոցներում ուսուցիչներն են քիչ, եթե, օրինակ, մաթեմատիկայի 3 մասնագետներից 2-ը հիվանդանում են՝ ուսումնական պրոցեսը կարող խաթարվել, որովհետև փոխարինող չունեն: Բայց պետք է նաև նշեմ, որ կարծում եմ մինչև օրվա վերջ այս ցանկը կավելանա, քանի որ արդեն զանգեր ենք ստանում դպրոցներից առ այն, որ օրվա ընթացքում հեռավարի անցման մասին նախարարությանը գրություն են ներկայացնելու»: Նա նաև տեղեկացրեց, որ միայն Երևանի 38 դպրոցների շուրջ 160 դասարան անցել է հեռավար կրթության: «Առաջին հայացքից այս թիվը բավական մեծ է թվում, բայց պետք է հաշվի առնել, որ Երևանում դպրոցները բավական մեծ են, ունենք դպրոցներ, որտեղ 60 դասարան կա»: Ազատյանի խոսքով՝ մարզերում նույնպես կան մասնակի հեռավարի անցած դպրոցներ, սակայն նախարարությունում դրանց ցանկն ամբողջական չէ, քանի որ մասնակի հեռավարի անցման դեպքում դպրոցները պարտավորություն չունեն տեղեկացնելու նախարարությանը:
«Այդ դպրոցները տեղյակ են պահում միայն իրենց լիազոր մարմիններին՝ քաղաքապետարաններին կամ մարզպետարաններին»: Չնայած թվերը փոքր-ինչ ավելացել են, սակայն նախարարությունում չի քննարկվում ձմեռային արձակուրդների երկարաձգում՝ ամառային արձակուրդների կրճատման հաշվին:
Ավելին՝ այստեղ