Հայաստանի 12 չեմպիոնները, Իսրայել Հակոբկոխյանը որդու մենամարտի արդյունքը բողոքարկեց
SportԵրեւանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում չեմպիոնները որոշվեցին 13 քաշային կարգերում:
Հայաստանի չեմպիոններ դարձան Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
67 կգ քաշային կարգում Հարություն Հակոբկոխյան - Գուրգեն Մադոյան զույգի հաղթողը չորոշվեց, քանի որ կարմիր անկյունի կողմից կա բողոքարկում:
Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունն անցավ թեժ պայքարում, հանդիսականներով լի դահլիճում: Գրեթե բոլոր քաշային կարգերում ռինգ դուրս եկած բռնցքամարտիկները չեմպիոնի տիտղոսի համար համառ պայքար էին տանում: Ամենահետաքրքիր եւ սպասված մենամարտը վերջին գերծանքաշայինների եզրափակիչն էր:
2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Հայաստանի ոսկե մեդալը վիճարկում էր մինչեւ 22 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Փափազյանի հետ: Մինչեւ երրորդ ռաունդի ավարտը Դավիթ Չալոյանը հաղթում էր բացարձակ առավելությամբ, բայց մրցակցին նոկաուտի ենթարկել չէր ստացվում: Երրորդ ռաունդի վերջնամասում Չալոյանն ուժգին հարվածով ցնցեց մրցակցին եւ գրանցվեց նոկաուտով հաղթանակ:
67 կգ քաշային կարգում մասնակցում էր աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը, որը Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար մրցում էր Գուրգեն Մադոյանի հետ: Իսրայել Հակոբկոխյանը որդու մարտավկան էր: Երեք ռաունդներից հետո մրցավարները հաղթանակը տվեցին Գուրգեն Մադոյանին:
Իսրայել Հակոբկոխյանը կտրուկ արձագանքեց մրցավարների որոշումը եւ որդուն թույլ չտվեց իջնել ռինգից: Մրցավարների եւ աշխարհի չեմպիոնի միջեւ վիճաբանություն սկսվեց: Իսրայել Հակոբկոխյանը հայտարարեց, որ ռինգի մրցավարը սխալ է դատել եւ հաղթանակը պետք է տալ իր որդուն, հակառակ դեպքում կրտսեր Հակոբկոխյանը չի իջնի ռինգից, կբոյկոտի առաջնությունը եւ թույլ չի տա շարունակել:
Գխավոր մրցավարի որոշմամբ հայտարարվեց, որ կարմիր անկյունը բողոքարկում է արդյունքը, մենամարտը կվերանայվի եւ հաղթողը կորոշվի առաջնությունից հետո:
Միայն այդ հայտարարությունից հետո աշխարհի չեմպիոնը թույլ տվեց որդուն դուրս գալ ռինգից եւ շարունակել Հայաստանի առաջնությունը: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ 67 կգ քաշային կարգում հաղթող չի որոշվել, կհայտարարվի վերանայումից հետո: Այս քաշային կարգում պարգեւատրման արարողություն տեղի չունեցավ:
Լուսինե Շահբազյան