«Գարուն ա․․․» ֆիլմի պաշտոնական թրեյլերը համացանցում է
CultureՌեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմի պաշտոնական թրեյլերը համացանցում է։ Այն հունվարի 29-ից առկա է Youtube և այլ սոցիալական ցանցերում։ Ֆիլմը էկրաններին կհայտնվի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆիլմի PR-պատասխանատու Ռոզա Գրիգորյանը, «Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
«Ուրախ ենք հանրությանը վերջապես ներկայացնել մեր ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որի շնորհիվ հանրությունը որոշակի պատկերացումներ կունենա նկարահանումների մասշտաբի, կինոնկարի սյուժեի, դերասանական կազմի և հիմնական կոնֆլիկտների վերաբերյալ։ Վստահ ենք՝ ֆիլմն անտարբեր չի թողնի և ոչ մի հանդիսատեսի և բազում հարցեր կարթնացնի կինոդիտողների շրջանում»,-նշում է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։
««Գարուն ա․․․» ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է։
Հիշեցնենք, որ ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։