Թուրքական դիվանագիտության վեկտորված տակտիկան
AnalysisԱկնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը լիովին զբաղեցրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը: Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո հայ-թուրքական հերթական շփումները երկար սպասեցնել չեն տա: Ինչպես հայտնի է՝ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով հայ-թուրքական երկխոսությունն առաջնորդողի դերն է ստանձնել, հայտարարել է, թե հնարավոր է՝ Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այդ մասին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 14-ին հաջորդած հայտարարություններում Չավուշօղլուն մեկնաբանել էր, որ առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակն ամբողջական կարգավորումն է։ «Հայաստանը նույնպես գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է անել։ Դրա շուրջ աշխատանք է տարվում, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը»,- հայտարարել էր նա, նշելով, որ հաջորդ հանդիպմանը հենց վստահության ամրապնդման քայլերն են քննարկվելու:
Ստացվում է՝ թուրքական դիվանագիտական ավանդական հմտությունների շրջանակում մի երկար ժամանակահատված ուժի ցուցադրությունից ու կիրառումից հետո, երբ հակառակորդն այլևս չի դիմադրում, ուժի մեջ է դրվում թուրքական դիվանագիտության մյուս կողմը՝ ուժեղ և ագրեսիվ փափուկ ուժը:
Այս դեպքում փափուկ ուժ պետք է ընկալել բացասական իմաստով, քանի որ Թուրքիան իր հարաբերությունները չի կառուցում հավասարության սկզբունքի վրա կամ գոնե չնչին խախտված հավասարակշռության իրավիճակում: Թուրքիան այս դեպքում ոգևորված է վասալային հարաբերություններ կառուցելու հեռանկարով:
Ըստ էության, ընդհանուր առմամբ թուրքական դիվանագիտությունը շատ ճկուն է այսօր, չնայած Թուրքիայում հաստատված ռեժիմի բնույթին, ձևավորած թշնամական հարևանությանը, մենք տեսնում ենք, որ թուրքական դիվանագիտությունը երկու երեսով բավականին հմուտ մանևրում է, խաղում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ժամանակ առ ժամանակ նաև դիվանագիտական հարվածներ հասցնում թե՛ մեկին, թե՛ մյուսին:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ավելի փոքր երկրների հետ Թուրքիան նախընտրում է վերաբերվել՝ որպես վասալի: Հայաստանի հետ հարաբերությունները նաև այն դեպքն է, երբ կա պատմական անցյալ, չկան դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան մշտապես նախապայմանային ռեժիմ է կիրառել, իսկ հիմա փոխվել է ձևաչափը:
Արեգ Սիմոնյան