Գյուղատնտեսական «նոկաուտ»
AnalysisՀետևելով ՀՀ տնտեսական իրականությանը և առաջիկայում սպասվող մարտահրավերներին՝ կարող ենք փաստել, որ ՀՀ գյուղատնտեսությանը ծանր օրեր են սպասվում։ Ըստ էության, Կառավարությունը չի էլ թաքցնում, որ Թուրքիայի հետ սկսված սիրախաղը, ճանապարհների ապաշրջափակումը, սահմանների բացումն ու ազատ առևտրի իրականացումը կարող են կործանարար լինել մեր գյուղատնտեսության համար։
Գաղտնիք չէ, թե ինչ դեր ունի գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության ու անվտանգության համար։ Նման կարևոր հարցերում հույսը երբեք չի կարելի դնել դրսի վրա. հույսը պետք է դնել սեփական արտադրության վրա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար կառավարությունը պատրաստ է գյուղատնտեսությունը դնել հարվածի տակ՝ առանց պատկերացնելու հետևանքները։ Ոչինչ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումից հետո մեր գյուղատնտեսությունը կարող է կորցնել մրցունակությունը, դրա փոխարեն՝ նոր սեգմենտներ կբացվեն, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այլ հարց է՝ նոր սեգմենտներ կբացվե՞ն, թե՞ չեն բացվի։ Բայց որ Թուրքիայի հետ ազատ առևտրի անցնելուց հետո գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ կունենա, միանշանակ է։ Անգամ փակ սահմանների պայմաններում մեր գյուղատնտեսությունը չի կարողանում մրցակցել թուրքականի հետ։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե սահմանները բացվեն, ու թուրքական գյուղմթերքն անարգել մտնի մեր շուկա։ Հատկապես այն ամենից հետո, ինչ կատարվում է գյուղատնտեսության հետ։
Միանշանակ է, որ այսօր արդեն գյուղատնտեսությունը կանգնած է ծանր խնդիրների առաջ։ Թանկացել է սերմացուն, գյուղացին փող ու միջոցներ չունի որակյալ սերմացու ձեռք բերելու համար։ Շուկան ևս պատրաստ չէ նման սերմեր առաջարկել, դրանից բացի՝ դրսից ներկրումներ չկան, որովհետև դրսում էլ են սերմերը թանկացել, ներսում որակյալ ու բարձրակարգ սերմերի բավարար արտադրություն չի կազմակերպվում։ Կտրուկ բարձրացել են պարարտանյութերի ու մյուս թունաքիմիկատների գները։ Եթե անցած տարի պարարտանյութի 1 պարկի արժեքը 6-7 հազար դրամ էր, հիմա հասել է ընդհուպ 24-25 հազարի։ Պարարտանյութի թանկացումը գյուղացիական տնտեսությունների շրջանում լուրջ անհանգստություններ է առաջացրել։ Առանց դրա անհնարին է լավ բերքի ակնկալիքներ ունենալ։
Իշխանությունները փողեր են ծախսում, ինչ-որ անհասկանալի ծրագրեր են իրականացնում, վարկեր են սուբսիդավորում, բայց արդյունք չկա կամ այնքան չնչին է, որ ոլորտի զարգացումների վրա ազդեցություն գրեթե չի ունենում։ Այդքանից հետո շարունակում են գնալ նույն ճանապարհով, չեն ուզում հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ծրագրերն արդյունք չեն տալիս։
Ըստ էության, մեր գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է։ Ավելի ցածր, քան տարածաշրջանի, առավել ևս՝ զարգացած երկրներինը։ Առանց գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, անհնարին է լուրջ արդյունքների հասնել։ Այն, ինչ անում են իշխանությունները, ընդամենը ոլորտում գոյատևման խնդիր են փորձում լուծել։ Բայց հիմա, երբ տարբեր կողմերից ճնշումներն էապես ավելացել են, մեր գյուղատնտեսությունը կանգնած է հերթական փորձության առաջ։
Ինչպես հայտնի է առանց այդ էլ Հայաստանի սակավահող պայմաններում, գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանում անմշակ հողեր չթողնել, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ էլ հակառակն է։
Կասկածից վեր է, որ այսպես շարունակվելու դեպքում վաղը շատ ավելի վատ է լինելու։ Կառավարությունը պարտավոր է մտածել ներքին պահանջարկը ոչ թե թուրքական կամ ուրիշ երկրներից ներմուծված, այլ առաջին հերթին՝ տեղական արտադրության գյուղմթերքների հաշվին բավարարելու մասին։ Դա ոչ միայն զուտ պարենային խնդիր է, այլև առնչվում է հարյուր-հազարավոր գյուղացիական տնտեսությունների, որոնք իրենց ապրուստը հոգում են ոլորտի, թեկուզ ցածր, եկամուտների հաշվին։
Արեն Դավթյան