Հայ-թուրքական հարաբերությունների կասկածելի դիագնոստիկան
AnalysisՄինչ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են բանակցությունների երկրորդ փուլին, հունվարի 14-ին կայացած Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումից օրեր անց «FlyOne Armenia» ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Եվս մեկ չվերթ էլ նախատեսված է փետրվարի 4-ին: Ավիատոմսերի արժեքը սկսվում է 90 եվրոյից:
Նշենք, որ հունվարի 10-ից թուրքական «Pegasus Airlines» ընկերությունն էր Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել: Առաջիկայում կարծես նախատեսվում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, ինչպես նաև դեռևս պաշտոնապես հրապարակային չհաստատված է մնում Թուրքիայի հրավերն ուղղված ՀՀ ԱԳ նախարարին՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Ըստ մի շարք փորձագետների գնահատականների՝ եթե Արարատ Միրզոյանն ընդունի հրավերը, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, տեղի կունենա Միրզոյան-Չավուշօղլու առաջին հրապարակային շփումը, որը, նախատեսվում է՝ հավելյալ դրական ֆոն կապահովի հայ-թուրքական երկխոսության համար: Ի դեպ՝ Թուրքիայի արտգործնախարարը հունվարի սկզբին իր հրապարակային ելույթներից մեկում պատմել էր, թե ինքն ու Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հավելենք նաև, որ այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։ Ստացվում է՝ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին տեղի էր ունեցել Միրզոյան-Չավուշօղլու առաջին ոչ հրապարակային շփումը, և չի բացառվում, որ Անթալիայում նախարարներն այս անգամ բարձրացնեն շփման նշաձողը:
Կարող ենք արձանագրել, որ հայ-թուրքական երկխոսությունը բավականին շուտ է կոնկրետ արդյունքներ տալիս, իրադարձությունները բավականին արագ են զարգանում և հաջորդում միմյանց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչ հատուկ ներկայացուցիչների ուղիղ երկխոսությունը ինչ-որ հարցեր ոչ պաշտոնական կերպով քննարկվել են և արդեն իսկ փոխըմբռնման են հանգել:
Ըստ էության, դատելով սկզբնական հաղորդագրություններից երկխոսության բովանդակության վերաբերյալ, ամենածանրակշիռ հարցերը թողնվել են հետագա քննարկումների, թեև կողմերը վստահաբար ունեն իրենց պատկերացումները և հստակ ակնկալիքները կողմերից: Վստահաբար կարող ենք փաստել, որ երկխոսության ամենաբարդ փուլը երկու կողմերի համար դեռ առջևում է, այս դեպքում ավելի բարդ, հասկանալի պատճառներով, Հայաստանի համար:
Աներկբա է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում բարդ հարցեր կան, սակայն շտապողականությունը ցույց է տալիս, որ կողմերը գուցե որոշել են ընթանալ ամենակարճ ճանապարհով՝ որոշելով պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ բաց թողնելով մի շարք ցավոտ հարցեր, որոնք կարող են խոչընդոտել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ուշագրավն այն է, որ կարծես այս թեմայով հայտարարությունների պակաս չկա:
Արտակ Անանյան