Թիրախային արտահոսքեր. ԱԺ նախագահի պաշտպանությունը օրենքի պահանջն է
AnalysisՀայաստանի ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հաճախ է դառնում տարբեր ԶԼՄ-ների հարձակումների թիրախը, նրան երբեմն մեղադրում են հնարավոր և անհնարին բոլոր մեղքերի մեջ։
Մի շարք լրատվամիջոցներ հիմա էլ «սկանդալի» նոր առիթ են գտել, թե Ձորաղբյուրում գտնվող Սիմոնյանների առանձնատունը գտնվում է ոստիկանական ամենօրյա հսկողության տակ, իսկ առանձնատան հարևանությամբ ոստիկանական պահակակետ է գործում։
«Չնայած 2021թ. օգոստոսին Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սիմոնյանը պետք է տեղափոխվեր Կոնդի կառավարական ամառանոց բնակվելու, սակայն մինչ օրս չի տեղափոխվել, քանի որ, ըստ Սիմոնյանի մամուլի խոսնակի, նրա համար նախատեսվող առանձնատունը վերանորոգման մեջ է»,- նշում են հրապարակման հեղինակները՝ արձանագրելով, որ ԱԺ նախագահը փաստացի այժմ էլ բնակվում է այդ ամառանոցում։
Ալեն Սիմոնյանը վաղուց այլևս մասնավոր անձ կամ, անգամ շարքային պատգամավոր չէ։ ԱԺ նախագահն է, ով այս օրերին կատարում է նաև ՀՀ նախագահի պարտականությունները։ 23 տարի առաջ ահաբեկչության հետևանքով ԱԺ նախագահ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կորցրած երկրում Ազգային ժողովի նախագահի, նրա կեցավայրի, ընտանիքի անդամների անվտանգությունը տրամաբանորեն, պետք է առավել խիստ լինի։
Տրամաբանությունից բացի կա նաեւ օրենքը, որն ընդունվել է 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, և բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությունն իրականացվում է այդ օրենքին համապատասխան։ Վտանգավորն ու էթիկապես ոչ ճիշտն այդ ամենում ԶԼՄ-ների վարքն է։ Մանրամասն, կոորդինատներով, հասցեով, անօդաչու սարքով օդից նկարված նույնականացրել են ԱԺ նախագահի առանձնատունը, կարծես «հրավերք» լինի։
Իհարկե, կարելի էր նույնը գրել՝ առանց տան հասցեն, տեղադրությունը, կադաստրի թղթերը մեջբերելու, նյութի հավաստիությունը դժվար թե տուժեր։ Ըստ էության, գործ ունենք օրենքի լիակատար չիմացության, պաշտոնյաների կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դնող վարքի հետ։ Երբ խոսքերն անգամ ավելորդ են։
Արմեն Անանյան