Սալիվան. պատրաստ ենք ցանկացած շրջադարձի, սակայն փորձում ենք կանխել հանկարծակի հարձակումը
International newsՍպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ պատրաստ չէ հաստատել հետախուզական ծառայությունների տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ծրագրում է ռազմական ներխուժում Ուկրաինա, սակայն Միացյալ Նահանգները կփորձի օգնել՝ կանխելու ցանկացած հանկարծակի հարձակում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Մենք ի վիճակի չենք ճշգրիտ կանխատեսել [ներխուժման] օրը, բայց մենք արդեն որոշ ժամանակ է՝ ասում ենք, որ եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լուրջ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած օր, ներառյալ Օլիմպիական խաղերի եզրափակիչ շաբաթը»,- ասել է Սալիվանը CNN-ի «Երկրի դրության մասին» հաղորդաշարի եթերում։
«Ռուսաստանի իշխանություններն ուժեր են կուտակում, մանրեւներ են իրականացնում, եւ դրանից ակնհայտ է դառանում, որ մոտ ժամանակներս խոշոր ռազմական գործողությունների հավանականություն կա»,- ասել է Սալիվանը։
Այդ կապակցությամբ Բայդենի վարչակազմը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը՝ ներխուժման սպառնալիքի պատճառով։
«Եթե դուք ամերիկացիներ եք Ուկրաինայում, ապա պետք է հեռանաք այդտեղից»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Fox News-ի եթերում:
Ջեյք Սալիվանը չի մանրամասնել Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողությունները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն կիսվել է իր հետախուզական տվյալներով Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Նա զգուշացրել է, որ ռուսական ներխուժումը կհանգեցնի մարդկային ծանր տառապանքների երկու կողմերում։
«Ռուսական ներխուժումը կսկսվի հրթիռային եւ ռումբային հարվածներով, որոնց կհաջորդեն ցամաքային զորքերի հարձակումն Ուկրաինայի սահմանով»,- շարունակել է Սալիվանը:
«Անմեղ քաղաքացիները կարող են հայտնվել կրակի տակ կամ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղից չեն կարող դուրս գալ»,- հավելել է նա։
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հրապարակել են մի շարք հետախուզական զեկույցներ, որոնցում մանրամասն նկարագրված են Ռուսաստանի ենթադրյալ գործողությունները։ Սա քննադատության առիթ է հանդիսացել Ուկրաինայում, որտեղ մտավախություն ունեն, որ նման տվյալների հրապարակումը կարող է խուճապ առաջացնել։
«Մենք չենք ներկայացնում այդ տվյալները՝ պատերազմ սկսելու համար, ինչպես եղավ նախկինում։ Մենք այս տվյալները ներկայացնում ենք պատերազմը կանխելու համար»,- ասել է Սալիվանը։