Երբ մարդը կորցնում է սեփական «ես»-ը
AnalysisԱնցնող շաբաթ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հերթական հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ քաղաքացիների՝ տուգանքի մատերիալ լինելու երևույթին: Հատկանշական է, որ նա դա արեց իշխանական պատգամավորի հարցին ի պատասխան։ Այնպիսի տպավորություն է, որ հարցերը բացվում են հատուկ հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցելու նպատակով։ Այդ երկխոսությունից այնպիսի տպավորություն է ստացվում, որ աշակերտին հանձնարարվել էր իր դասատուին տալ նախօրոք պատրաստված հարցը: Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում տուգանքի մատերիալ ասելով նկատի է ունեցել ընդամենը արագաչափերը:
Արդեն փիլիսոփայական ճշմարտություն է այն, որ վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Նիկոլը միայն ասում է կիսաճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ ՀՀ քաղաքացին միայն արագաչափերի առումով չի եղել տուգանքի մատերիալ: Եվ եթե այդ մեկ ուղղությունը հանվել է, ապա մնացածները շատ ավելի շատ են՝ տարատեսակ ու բազմաթիվ: Համոզվելու համար ընդամենը պետք է բացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և թերթել էջերը:
Կուրյոզ էր հատկապես կորոնավիրուսային դիմակահանդեսի գործընթացի հետ կապված որոշ տուգանման գործընթացներ, հատկապես տուգանքի մատերիալ լինելու վերջին դրսևորումը՝ սկզբում փակ, հետո բաց, հետո կրկին փակ տարածքում դիմակ չկրելու համար սահմանվածը: Իսկ ամենազավեշտալին՝ ցելոֆանե տոպրակների գծով տուգանքն է: Այն անմիջականորեն չի դիտարկվում որպես տուգանք, սակայն եթե հաշվի առնենք, որ եթե թեկուզ օրը մեկ անգամ մարդ գնա խանութ ու տոպրակի համար վճարի 50 դրամ, ապա եռամսյա կտրվածքով այն կհավասարվի տուգանքի նորմալ չափի: Այդ հարցում էլ դրսևորվեց գործող իշխանության ողջ «բարդակը»: Հարցին օրենսրական լուծում (իրականում՝ չլուծում) տալուց հետո անցած ժամանակահատվածում իշխանությունը չկարողացավ, իսկ եթե անկեղծ, ուղղակի չցանկացավ լուծել փոխարինող էկոլոգիապես մաքուր տոպրակների հարցը: Եվ նշանակություն չունի, որ այդ «տուգանքը» մուծվում է ոչ թե պետությանը, այլ տնտեսավարողներին: Դա հարվածում է քաղաքացու գրպանին, և նշանակություն չունի, թե ով է տանում նրա գրպանի պարունակության մի մասը, որովհետև խնդիր ստեղծողն իշխանությունն է:
Զավեշտալին, չնայած տվյալ դեպքում ողբերգությունն այն է, որ ՀՀ քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերիալ է, այլ բառիս բուն իմաստով, ասֆալտին փռվելու մատերիալ է: Ինչն արդեն հայաստանյան «նոու հաու» է: Կարելի է ենթադրել, որ արևմտյան ժողովրդավարություններն են ընդօրինակել «ժողովրդավարության բաստիոնից»: Իսկ ասֆալտին փռվելուց հետո երբեմնի հպարտ ՀՀ քաղաքացին մեխանիկորեն վերածվում է տուգանքի մատերիալի: Եվ այդ դեպքում առաջին հերթին ոտնահարվում է նրա արժանապատվությունը:
Նարեկ Դավթյան