Էներգետիկայի նախարարներն անհանգստացած են նավթի գների 100 դոլարից ավելի բարձրացման հնարավորությունից
EconomicsԵգիպտոսի եւ Կիպրոսի էներգետիկայի նախարարները խորապես անհանգստացած են բարելի դիմաց 100 դոլարից ավելի նավթի գների բարձրացման հնարավորությունից։
Երկուշաբթի առավոտյան Brent նավթի ֆյուչերսները հասել են յոթ տարվա նոր առավելագույնին, դա տեղի է ունեցել աշխարհաքաղաքական լարվածության սրման պատճառով: Վերջին անգամ նրանք սակարկել են 94,33 դոլարի մակարդակում, ինչը նստաշրջանի համար 0,1%-ով ցածր է, նախկինում 96,16 դոլարի գագաթնակետին հասնելուց հետո: Միեւնույն ժամանակ, ամերիկյան West Texas Intermediate նավթի ֆյուչերսները վաճառվել են 93,20 դոլարով, ինչը մոտ 0,1%-ով բարձր է:
ԱՄՆ-ը եւ Եվրոպան սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նա ներխուժի Ուկրաինա, ինչը մեծացնում է աշխարհի առաջատար արտադրողներից մեկի մատակարարումների հնարավոր խափանման մտավախությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է, որ ծրագրում է ներխուժել Ուկրաինա։
Կահիրեում նավթի եւ գազի ցուցահանդեսային համաժողովում Եգիպտոսը, Կիպրոսը, Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող էներգետիկայի եւ նավթի նախարարներին հարցրել են, թե արդյոք նրանք ակնկալում են նավթի գների բարձրացում մինչեւ եռանիշ թիվ: «Ես, լինելով պրոֆեսիոնալ, տեսնում եմ, որ դա տեղի է ունենում, բայց ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա»,- CNBC-ին ասել է Եգիպտոսի նավթի նախարար Թարեկ Էլ Մոլլան:
Կիպրոսի էներգետիկայի նախարար Նատաշա Պիլիդեսը համաձայնել է, որ «շատ սարսափելի» է պատկերացնել, որ նավթի գինը բարելի դիմաց կբարձրանա 100 դոլարից: «Դա իրականում բավականին շոշափելի է»,- հավելել է նա: «Մենք միանշանակ պետք է հավատարիմ մնանք մեր նպատակներին՝ էներգետիկ անցման առումով, բայց ես կավելացնեմ նաեւ, որ բնական գազն այս հետագծի վրա տեղ ունի՝ որպես միջանկյալ վառելիք»:
Ելույթ ունենալով նույն պանելային միջոցառման ժամանակ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարն ասել է. «Դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ եթե մենք չենք ցանկանում հասնել [100 դոլարանոց նավթին], մենք պետք է համոզվենք, որ ունենք էներգիայի տարատեսակ աղբյուրներ»։
«Դուք ինձ ճանաչում եք, ես չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին, երբ նրան հարցրել են, թե կարող է արդյոք նավթի գինը գերազանցել 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց: «Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում շուկայի հետ, աշխարհաքաղաքական լարվածություն է, որն առաջին հերթին ազդում է գների վրա: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա դա շատ դժվար է կանխատեսել»,- հավելել է նա՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական ճգնաժամը։