Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Վահե Հակոբյան
InterviewԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Միակ բանը, որի համար նա պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը:
Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի հարցերն ու Վահե Հակոբյանի պատասխանները.
Պարոն Հակոբյան, Դուք երեկ գրառում էիք կատարել, որում որոշակի առումով պաշտպանել էիք Մեղրի համայնքի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին, իր՝ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու կապակցությամբ: Նաև նշել էիք, որ իր դեմ տարվում է քաղաքական արշավ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ գրառումը, արդյո՞ք Դուք համարում եք վարչապետից ներողություն խնդրելը ճիշտ քայլ ընդդիմադիր պատգամավորի կողմից:
Նախևառաջ, թույլ տվեք շատ հստակ նշել, որ թե Մխիթար Զաքարյանը և թե «Հայաստան» խմբակցության որևէ անդամ երբևէ չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը իշխող ուժի ու անձնապես Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Նիկոլը դավաճան է, իսկ նիկոլիզմը՝ մեր ազգը պառակտող ու քայքայող արատավոր երևույթ: Այս դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ:
Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար: Միակ բանը, որի համար Մխիթարը պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր, ինչը, կարծում եմ, առավել քան տղամարդկային քայլ է: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ ընտանիքին կպնելու, ծնող-երեխա թիրախավորելու այս անդուր, անընդունելի երևույթը սկիզբ է առել հենց 2018-ին, երբ ոչ միայն սոցկայքերում, այլև իրական կյանքում այսօրվա իշխանականների պատվերով կամ իրենց համաձայնությամբ ամենախայտառակ ձևով թիրախավորվում էինք մենք, մեր երեխաները, ծնողները, ցանկացած մեկը, ով փորձում էր զգուշացնել, որ Նիկոլը աղետ է հայ ազգի համար: Այս երևույթը պետք է մերժվի բոլորիս կողմից, արմատախիլ արվի, կորչի Նիկոլի հետ միասին:
Ձեր գրառմանը արձագանքել է նաև Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես քննադատում էր Մխիթար Զաքարյանին: Նա նշել է, որ Դուք արդարացնում եք ներողություն խնդրելը, դրանով իսկ գործում քաղաքական ինքնասպանություն:
Անկեղծ ասած` չեմ դիտել, բայց, եթե Ձեր նշած անձը կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է լինի մեկը մյուսի ընտանիքին վիրավորելով, ապա ես ցավում եմ իր պատկերացումների համար: Ամեն դեպքում պարոն Սամսոնյանն ազատ է ընտրել իր համար ընդունելի պայքարի միջոց և պայքարել: Վերջիվերջո, մեր գերնպատակն է ազատել երկիրը Նիկոլից ու նիկոլիզմից, փրկել մեր հայրենիքն այս չարիքից: Մենք շարժվում ենք հենց այս ճանապարհով, մնացածը անէական բաներ են. առաջարկում եմ չվատնել ժամանակ ու էներգիա` դրանք քննարկելու վրա: