Ով հիվանդանա՝ ում տանեն սանատորիա
AnalysisՆորություն ասած չեմ լինի, եթե ընդգծեմ, որ հանրային ծառայությունների սակագների բարձրացումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում և հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ է տվել։ Որպես կանոն այդ դժգոհություններն էլ փորձել են շահարկել տարբեր քաղաքական ուժեր։ Հայտնի շրջանակների կողմից ժողովրդին իշխանությունների դեմ տրամադրելու համար հայտարարել են, որ սակագները հիմնավորված չեն, որ իշխանությունները թալանում են սպառողներին, որ իրենց գալուց հետո սակագներն անպայման նվազեցնելու են, թալանված գումարները հետ են վերադարձվելու։
Բոլորս շատ հրաշալի հիշում ենք, թե ինչպես ժամանակին նման հայտարարություն անողները եկան իշխանության, բայց սակագների անհիմն լինելու հետ կապված ոչ մի բացահայտում չարեցին, ոչ մի թալան հետ չբերվեց, սակագներն էլ չիջան։ Ընդհակառակը՝ մի բան էլ բարձրացան ու այսօր էլ շարունակում են բարձրանալ։ Հիմա էլ փորձում են թանկացումներն արդարացնել։ Իբր նախկինում սակագների բարձրացումները հիմնավորված չէին, հիմա հիմնավորված են։
Տրամաբանական է՝ հարց է առաջանում, եթե հիմնավորված չէին, իշխանազավթումից հետո ինչո՞ւ չնվազեցրին։ Չէ՞ որ ժամանակին մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, թե սակագները պետք է նվազեցվեն։ «Երեք տարի առաջ ժողովրդին ասեցին, թե էներգետիկ համակարգում 24 մլրդ դրամի ճեղք է առաջացել, հոսանքը պետք է թանկանա։ Այդ 24 միլիարդի ճեղքը վաղուց արդեն փակվել է և ոչ մեկը չի մտածում հոսանքի գներն իջեցնելու մասին»,-իշխանության գալուց օրեր առաջ հայտարարում էր Նիկոլը (հիշեցման կարգով ուղղակինշենք, որ անցնող 4 տարիների ընթացքում էլէներգիայի սակագինը միայն բարձրացել է)։
Ավելին, եթե համարենք, որ նախկինում այդ բարձրացումները հիմնավորված չէին, ապա այսօր առավել ևս հիմնավորված չեն։ Այն, որ իշխանությունների թերացումների ու բացթողումների հետևանքով համակարգում հերթական ֆինանսական ճեղքն է առաջացել, դա չի նշանակում, թե սակագների բարձրացումը հիմնավորված է։ Դեռ պետք է պատասխան տալ նրա համար, թե ինչո՞ւ կամ ո՞ւմ մեղքով է առաջացել այդ ճեղքը։ Նույն ձևով համակարգում միշտ էլ կարելի է ֆինանսական ճեղքեր առաջացնել, դրանք փակելու համար բարձրացնել սակագներն ու հայտարարել, թե բարձրացումը հիմնավորված է։
Փաստացի հոսանքի սակագինը փետրվարի 1-ից բարձրացավ զուտ այն պատճառով, որ իշխանությունը թերացել է, չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։ Պարտավորվել են պայմաններ ստեղծել, որպեսզի արտադրող կայաններից մեկը հնարավորություն ստանա ապահովել իր արտադրած էլեկտրաէներգիայի իրացումը, բայց չեն արել։ Հիմա վաղուց պիտի շահագործման հանձնած լինեին Իրանի հետ կառուցվող նոր բարձրավոլտ էլեկտրագիծը, բայց անընդհատ ձգձգել են, չեն կարողացել ժամանակին ավարտել։ Դրա հետևանքով էլ առաջացել է էլեկտրաէներգիայի հերթական բարձրացման անհրաժեշտությունը։
Ստացվում է՝ իրենք թերացել են, իրենց թերացումների ու բացթողումների պատճառով գնացել են սակագների բարձրացման ու դեռ համարում են, որ սակագների բարձրացումը հիմնավորված է։ Նույն կերպ կարելի էր կանգնեցնել ատոմակայանը, հոսանքի պահանջարկի բավարարումը դնել թանկ ջէկ-երի վրա ու ասել՝ սակագների բարձրացումը հիմնավորված է։
Ի դեպ, հոսանքի թանկացման պատճառներից է նաև ատոմակայանի հետ կապված արհեստական աժիոտաժը։ Վիժեցրին կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ժամանակացույցը ու խնդիրներ ստեղծեցին ներգրավված գումարների սպասարկման առումով։ Մյուս պատճառն էլ ատոմակայանի տեխնիկական վերազինման աշխատանքների համար նախատեսված ժամկետներում չտեղավորվելն է։
Փաստն այն է, որ վերջին երկու տարում հոսանքի սակագինը 7,7 դրամով բարձրացել է։ Այնինչ՝ մինչև իշխանազավթումը գործող սակագները համարում էին չհիմնավորված ու հայտարարում էին 20 տոկոսով նվազեցնելու մասին։
Համլետ Կիրակոսյան