Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են․ ՀՀ ՄԻՊ
SocietyՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Արցախի գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։
Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: խոցել են տներից մեկի ապակին. Սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ:
Ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ:
Թաղավարդում գործող հանրակրթական դպրոցն ուղիղ ադրբեջանական զինվորական դիրքերի թիրախի տակ է: Ուսուցիչների ու երեխաների հետ առանձնազրույցներից ու քննարկումներից պարզվեց, որ կրակոցներ են արձակվում նաև դպրոցի ուղղությամբ և թիրախային են:
Ավելին, բնակիչները նշեցին, որ Թաղավարդում ու Կարմիր շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ տների մեջ՝ մարդկանց ահաբեկելու նպատակով: Հաճախ են դա հատկապես անում երեկոյան ու գիշեր ժամանակ:
Ընդ որում, Արցախում գտնվելու ժամանակ ինքներս անմիջականորեն համոզվեցինք ադրբեջանական հանցավոր արարքների մեջ:
Մասնավորապես, փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա, որի հետևանքով խոցվել է տրակտորի ակը:
Այսօր՝ փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ն ընկած հատվածում Խրամորթի բնակիչները գյուղի տարածքում գտնվող խաղողի այգում էտման աշխատանքներ են արել, որի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են և հարկադրել, որ մարդիկ հեռանան խաղողի այգուց:
Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել:
Բոլոր համայնքներում բնակիչները նշեցին, որ երբ գյուղատնտեսական աշխատանքների համար փորձում են մոտենալ իրենց այն հողատարածքներին, որոնք անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերն արձակում են կրակոցներ, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ: Հնարավորություն չի տրվում վաստակել ընտանիքի եկամուտը. Ակնհայտ է, որ սեզոնային ժամանակով պայմանավորված՝ աշխատանքներ չանելը հանգեցնելու է մարդկանց համար լուրջ խնդիրների:
Աղավնո համայնքում մարդիկ կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմեցին, թե ինչպես ես տեսել, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Սրա պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել են կանայք, երեխաներ ու տարեցներ:
Ընդ որում, ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:
Շարունակությունը՝ այստեղ