Պետությունն աջակցում է բնական ճանապարհով երեխա ունենալ չկարողացող կանանց․ ովքեր ու ինչ պայմաններով են կարողանում օգտվել
SocietyՀայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու գործընթացն ավելի հասանելի է դարձվում այն կանանց համար, որոնց բնական ճանապարհով չի հաջողվում դա։
Կառավարությունը 2021 թվականի մայիսի 13-ի նիստում հավանություն էր տվել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Փոփոխությունները նախաձեռնվել են՝ հաշվի առնելով մեր երկրում վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը: Ըստ այդմ՝ մայրանալու գործընթացն ավելի հասանելի է դարձվել նաեւ այն կանանց համար, որոնք ամուսնացած չեն եւ չունեն զուգընկեր, սակայն ցանկանում են մայրանալ:
Առողջապահության նախարարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման» վարչության պետ Նունե Փաշայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ, ճիշտ է, գործընթացն ավելի է հեշտացել, սակայն հիմնականում արտոնությունները տրվում են զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, հաշմանդամության կարգավիճակ ունեցողներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող անձանց: Գրանցված է 184 բնակավայր։
Անվճար ծրագրից կարող են օգտվել նաեւ ընտանեկան նպաստ ստացող անձինք, ընդ որում՝ սահմանային միավորի շեմն իջեցվել է՝ նախկին 30 միավորի փոխարեն այն 28 է։
Փաշայանը նշեց, որ վերոնշյալ բոլոր խմբերի համար որոշակի պայմաններ կան․ ծրագրից օգտվելու համար գործում է անզավակ լինելու պայմանը, ամուսնությունը Քաղաքացիական ամուսնության ակտում գրանցված լինելը, եւ կնոջ տարիքը պետք է լինի 20-ից մինչեւ 35 տարեկանը ներառյալ։ Սակայն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին այդ կետերից որեւէ մեկը չի վերաբերում։
Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետը նկատեց՝ ծրագրի շրջանակներում վերարտադրողկան բժշկության բուժական գործընթացն ու բեղմնավորումը բավական երկար են տեւում, պահանջում է մոտավորապես 1․5 տարի ժամանակ։ 2021 թվականի տվյալներով՝ արդեն կա 214 հղիություն և 76 երեխայի ծնունդ, որից 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները՝ 26 հղիություն, 3 երեխայի ծնունդ։
Ավելին՝ այստեղ