Եվրոպան ցույց է տալիս իրական դեմքը
AnalysisՈրպես կանոն ԵՄ և միջազգային այդ կառույցի ներկայացուցիչները երբեք էլ չեն փայլել իրենց սկզբունքայնությամբ և իրենց իսկ կողմից առաջ քաշած արժեքների պաշտպանության հանդեպ հարգանքով ու հետևողականությամբ: Նրանց համար միշտ առաջնահերթ է եղել քաղաքական նպատակահարմարությունը և հատկապես` սեփական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Ասվածին հավելենք, որ ըստ այդմ՝ անիմաստ է ակնկալել կամ մեծ հույսեր պահպանել, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պետք է ինչ-որ կերպ տարբերվի մյուսներից:
Օրերս իր հարցազրույցներից մեկում Վիկտորինը հայտարարել է, որ ՀՀ-ում բարեփոխվել է արդարադատության համակարգը: Ակնհայտ է, որ այդ համակարգն անվերջ բարեփոխվում է, և ԵՄ-ն դրա վրա հսկայական գումարներ է դուրս գրում, որից օգտվում են թե՛ հայ, թե՛ եվրաչինովնիկները, բայց Հայաստանում արդարադատության հետ կապված խնդիր կա, և դա փաստ է:
Դեսպանի խոսքում ոչ մի անդրադարձ չկա Հայաստանում առկա քաղբանտարկյալների, ընտրական իրավունքի ոչնչացման, տեղական ինքնակառավարման նկատմամբ ծաղրի մասին: Հավանաբար երկրում արդարադատության համակարգի մեծ առաջընթացի արդյունք է ԲԴԽ նախագահի ապօրինի հեռացումն ու նրա պաշտոնի յուրացումը, իշխանությունների կամքին դեմ գնացած որոշ դատավորների նկատմամբ սկսված աննախադեպ հալածանքները և արդեն իսկ առկա կալանավորման փաստը: Հարգարժան դեսպանը չի նկատում նաև մամուլի և ազատ խոսքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, նա խոսում է միայն օրենքի կիրառման հավասարության մասին։ Դրան զուգահեռ չեն տեսնում, որ հայհոյանքի համար մտցվում է քրեական հոդված, որը կիրառվում է ակնհայտ խտրականությամբ:
Ի դեպ՝ Վիկտորինի մտքի փայլատակումը վերաբերում էր ոստիկանության բարեփոխումներին: Խոսելով ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների կոնկրետ արդյունքների մասին՝ նա նշել է. «Երբ պարեկային ծառայության մեքենաները հայտնվեցին փողոցներում, դա բարեփոխումների տեսանելի արդյունքն էր»: Ստացվում է՝ դեսպանի համար ոստիկանությունը մեքենաներն են, ոչ թե ոստիկանները և նրանց վերաբերմունքը քաղաքացիների ու իրավակարգի պահպանման նկատմամբ: Այլ կերպ ասած՝ եթե ոստիկանության մեքենաները հնանան, ոստիկանության բարեփոխումներն առոչինչ կլինեն, և կարիք կլինի նոր բարեփոխումների:
Ըստ էության, հարցազրույցի առանցքն այն է, որ ԵՄ ներկայացուցիչը, փաստացի, խոստովանում է, որ ԵՄ ու եվրոպական արժեքներ այլևս չկան: Երբ լրագրողը հարց է տալիս առանց վիզային ռեժիմի ԵՄ տարածք մուտքի մասին, ԵՄ դեսպանն արդարանում է, թե իրենք ամեն ինչ անում են, բայց այդ հարցը Հայաստանը պետք է համաձայնեցնի ԵՄ անդամ 27 երկրների հետ: Այլ կերպ ասած՝ թեման շեղում է՝ ակնարկելով, թե «թեմայի հասցեատերը մենք չենք»:
Ամփոփելով արձանագրենք, մի կարևոր դետալ․ վերջին շրջանում ԵՄ-ն խորը դեպրեսիայի մեջ է, և միության գոյությունը կամաց-կամաց ֆորմալ բնույթ է ստանում: Պատճառներից մեկն էլ միության անդամների` իրար հակադիր պետական և տնտեսական շահերն են:
Տիգրան Մկրտչյան