Հերթական դեմպինգային քաղաքականության ինտրիգները
AnalysisՀավանաբար շատերն են նկատել, որ տևական ժամանակ թանկանալուց հետո վերջին օրերին սպառողական շուկայում հավկիթի գինն իջել է։ Գների նվազումը, անշուշտ, լավ է սպառողների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ նրանք բարձր գին են վճարում դրա համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020թ. ձուն թանկացել է՝ 18,5, իսկ 2021թ.՝ 12,7 տոկոսով։
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ամեն ինչ լավ է. ձվի այս էժանացումից շահում են սպառողները։ Ըստ էության, այն ժամանակավոր է, ավելին՝ դրա հետևանքները հետո է երևալու, ի դեպ ոչ միայն՝ գների, այլև՝ ոլորտի վրա։
Նշենք, որ նման իրավիճակ ձվի շուկայում առաջին անգամ չէ, որ առկա է։ Նախկինում ևս բազմիցս եղել է։ Դրանք ավարտվել են շուկայում գործող ընկերությունների մի մասի սնանկացմամբ ու դուրսմղմամբ։ Ժամանակավոր էժանացումից հետո էլ ձուն կրկին թանկացել է, իսկ շուկայում մնացել են միայն «ընտրյալները»։
Ակնհայտ է, որ գների կտրուկ անկումը սկսել է խնդիրներ ստեղծել՝ հատկապես փոքր ու միջին ընկերությունների համար, որոնց մոտ ձվի արտադրության ինքնարժեքը համեմատաբար ավելի բարձր է, քան խոշորների պարագայում։ Գների այս նվազմանը խոշորներն այս կամ այն կերպ դիմանում են, իսկ փոքրերը սովորաբար դուրս են մղվում շուկայից։ Նշենք, որ շուկայի մասնակիցները սկսել են բողոքել, որ դեմպինգային գներ են կիրառվում։ Այսինքն՝ այն գինը, որն առաջարկվում է որոշ ընկերությունների կողմից, ավելի ցածր է, քան ձվի արտադրության ինքնարժեքն է։
Ըստ էության, ինքնարժեքից ցածր արտադրանքի իրացումը կարող է կապված լինել տարբեր գործոնների հետ։ Բայց անկախ դրանից, այն բացասաբար է ազդում ոլորտում գործող ընկերությունների վրա, քանի որ նրանք վնասներ են կրում. արտադրում են ավելի թանկ ձու՝ էժան վաճառում են։ Տրամաբանական է, որ առաջանում են ֆինանսական կորուստներ, որին ոչ բոլորն են դիմանում ու ստիպված են լինում գնալ սնանկացման։ Արդյունքում՝ դաշտը մնում է նրանց, ովքեր ավելի մեծ ֆինանսական ու նյութական հնարավորություններ ունեն։ Ասել է թե գործ ունենք դասական դեմպինգային քաղաքականության հետ։
Միանշանակ է, որ ինքնարժեքից ցածր վաճառքի պարագայում բոլոր ընկերություններն են տուժում, բայց նրանք, ովքեր հաջողացնում են մնալ դաշտում, հետագայում գները բարձրացնելու և իրենց դիրքերը մյուսների հաշվին ընդլայնելու արդյունքում՝ ոչ միայն կարողանում են վերականգնել վնասները, այլև ավելացնել իրենց շահույթները։ Սրանից սեղմվում է շուկայի մասնակիցների քանակը։ Մի մասը, կորուստներ կրելով, հայտնվում է խաղից դուրս վիճակում, մյուսներն էլ իրավիճակից դուրս են գալիս ավելի ուժեղացած։
Տիգրան Մկրտչյան