ՀԱՊԿ-ի ղեկավարը հնարավոր է համարում Դոնբաս խաղաղապահներ ուղարկելը
International newsՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս Կիևի համաձայնության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի դեպքում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Հիպոթետիկորեն դա կարելի է պատկերացնել (խաղաղապահների տեղակայում-խմբ.) Ուկրաինայի կողմից բարի կամքի դեպքում, քանի որ դա նրա տարածքն է։ Եթե լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ, և եթե անհրաժեշտություն առաջանա, այս որոշմանը կաջակցեն մեր բոլոր կառավարությունները»,- ասել է Զասը Reuters գործակալությանը։ Զասի կարծիքով՝ իրավիճակի լուծումը պետք է փնտրել երկխոսության միջոցով։ «Պետք է հասկանալ սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը և ինչ-որ բան պայմանավորվել, սա նոր իրողություն է»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ն ու նրա անդամները միշտ մանրակրկիտ են գնահատում ուժի կիրառման հետ կապված ցանկացած որոշում, անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը կարող է արագ խաղաղապահներ ուղարկել։
«Հավատացե՛ք, կարող ենք ուղարկել այնքան, որքան պետք է, եթե մեզ 300 հազար է պետք, ուրեմն կուղարկենք, եթե 17 հազար է պետք, ապա կուղարկենք, որքան պետք է, այնքան էլ կուղարկենք », - ասել է Զասը։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը