Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի. իրավապաշտպան
SocietyՄինչ օրս ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 150 գերեվարված զինծառայողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանում պաշտոնապես 38 գերի է պահվում, ապացուցված գերեվարման 80 դեպք էլ շարունակում է մնալ չհաստատված։
«Այլ երկրների ներկայացուցիչներն այս առումով Ադրբեջանի պաշտոնյաների հետ որոշակի աշխատանք են իրականացնում տարբեր մակարդակներում, սակայն չեմ կարծում, որ այդ գործընկերներն առավելագույն ջանասիրություն են դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։ Հայկական կողմից չկա խնդրանք–պահանջ, որպեսզի միջազգային գործընկերները լուծեն այդ խնդիրները, ինչպես նաև չեն ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ ՀՀ–ն բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ», – ասել է Սահակյանը։
Իրավապաշտպանը նաև ընդգծել է, որ այդ 80 հոգին ՀՀ–ում անհետ կորածների ցուցակում չեն։ Շեշտեց` անհետ կորած են համարվում նրանք, ում վերաբերյալ տեղեկություն չկա, այսինքն` հնարավոր է գերեվարվել են կամ զոհվել մարտի դաշտում, ուղղակի նրանց դիերը դեռևս հայտնաբերված չեն։
2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց վերաբերյալ էլ նա ընդգծել է, որ դեռևս 1 անձ շարունակում է գերության մեջ մնալ։
Շարունակությունը՝ այստեղ