Ճկռում ենք պարտքերի տակ
AnalysisԱրդեն փաստ է, որ ՀՀ պետական պարտքի աճի տեմպը տնտեսության զարգացումներից մի քանի անգամ առաջ է ընկել։ Անցած տարի պարտքն ավելացավ 1 մլրդ 259 մլն դոլարով։ Աճը կազմեց 16,7 տոկոս։ Պարտքի աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի է տնտեսական աճից։ Ակնկալվում է, որ անցած տարվա տնտեսական աճը կլինի 5,5-5,6 տոկոսի սահմաններում։ Պետական պարտքն աճել է 16,7 տոկոսով, տնտեսությունը՝ 5,5 տոկոսով։ Պարտքի առաջանցիկ աճը մեծացնում է ճնշումը տնտեսության վրա։ Տարին նոր է մեկնարկել, բայց պարտքն արդեն հասցրել է ավելանալ ևս շուրջ 57 մլն դոլարով։ Տարեսկզբին պարտքն ավելացել է հիմնականում ներքին փոխառությունների գծով։ Կառավարությունը գնացել է տնտեսությունից նոր միջոցներ ներգրավելու ճանապարհով։ Դրա արդյունքում ներքին պարտքը հունվարին համալրվել է ևս 44 մլն դոլարով։ Վերջին տվյալներով՝ այն հասել է 2 մլրդ 627 միլիոնի։ Փոխարենը՝ արտաքին պարտքը տարեսկզբին մնացել է անփոփոխ։
Հայտնի է նաև, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված էժան վարկերն ու փոխառություններն արտաքին պարտքի կառուցվածքում նույնիսկ նվազել են։ Ավելացել են դրսից ներգրավվող թանկ փողերը։ Տարեսկզբին դա արտահայտվել է ոչ ռեզիդենտների կողմից պետական գանձապետական պարտատոմսերի ձեռքբերման տեսքով։ Թեև գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում ձևավորված արտաքին պարտքը դեռևս մեծ չէ, բայց այն շատ ակտիվ է ավելանում։
Նշենք, որ անցած տարվա սկզբին կառավարությունն ուներ այդպիսի ընդամենը 6,3 մլն դոլարի պարտավորություն։ Արդեն տարվա վերջին այն անցավ 106 միլիոնից՝ ամիսների ընթացքում ավելանալով գրեթե 17 անգամ։ Այդ միտումը պահպանվել է նաև այս տարվա սկզբին։ Հունվարին գանձապետական պարտատոմսերի թողարկումից արտաքին պարտքը ևս 17 մլն դոլարով համալրվել է՝ անցնելով 123 միլիոնից։
Ինչպես հայտնի է՝ գանձապետական պարտատոմսերից բացի, պարտքի կառուցվածքում բավական մեծ կշիռ են կազմում հատկապես եվրոպարտատոմսերը։ Այս տարվա սկզբին եվրոպարտատոմսերի պարտքը 1 մլրդ 590 մլն դոլար է, որը կազմում է արտաքին պարտքի 25-26 տոկոսը։ Ինչպես գանձապետական, այնպես էլ եվրոպարտատոմսերի գծով ներգրավված միջոցներն անհամեմատ ավելի թանկ են, քան միջազգային կազմակերպությունների վարկերն ու փոխառությունները։ Բայց ինչպես տեսնում ենք, վարկերն ու փոխառությունները գնալով կրճատվում են, իսկ պարտատոմսերի թողարկումից ձևավորվող թանկ պարտքերն ավելանում են։
Փաստն այն է, որ պարտքը թանկանում է՝ ոչ միայն արտաքին, այլև՝ ներքին պարտքի ավելի արագ աճի հետևանքով։ Ինչպես հայտնի է, կառավարությունը որդեգրել է ներքին պարտքը մեծացնելու քաղաքականություն, այն հույսով, որ դրանից պարտքի վտանգավորության մակարդակը կամ դեֆոլտի հավանականությունն ավելի փոքր է։ Ներքին պարտքը, անշուշտ, ունի իր առավելությունները, բայց ունի նաև թերություններ։ Առավելությունն այն է, որ դրա սպասարկումը տարադրամային ճնշում չի առաջացնում ֆինանսական շուկայում և չունի կախվածություն տարադրամի փոխարժեքներից։ Փոխարենը՝ այն թանկ է նստում պետական բյուջեի վրա։ Հայտնի է, որ ներքին պարտքի սպասարկումն անհամեմատ ավելի ծանր բեռ է։ Պատահական չէ, որ արտաքին պարտքից գրեթե 2,5 անգամ ավելի քիչ ներքին պարտքը բյուջեից այնքան գումար է տանում, որքան արտաքին պարտքի սպասարկումը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունը նախապատվությունը տա ներքին պարտքի ավելի ագրեսիվ ավելացմանը։ Անցած տարի ներքին պարտքն ավելացավ գրեթե 674 մլն դոլարով։ Այն դեպքում, երբ արտաքին պարտքը ստացավ 585 մլն դոլարի համալրում։ Ներքին պարտքն աճեց 35 տոկոսով։ Այս տարվա սկզբին էլ միտումը նույնն է։ Ներքին պարտքը շարունակում է ավելի մեծ տեմպերով ավելանալ։
Ըստ էության, ասվածը չի նշանակում, թե կառավարությունը հրաժարվել է արտաքին պարտք ներգրավելուց։ Պարզապես հնարավորությունները գնալով ավելի սահմանափակ են դառնում։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններն աստիճանաբար կրճատում են Հայաստանին տրամադրվող էժան փողերը։ Այդ պայմաններում կառավարությունը ստիպված է ձեռքը մեկնել ավելի թանկ փողերին, ինչը գնալով ոչ միայն ավելացնում է, այլև ծանրացնում պարտքի բեռը։ Մեկ տարում պարտքի բեռը ծանրացել է 0,4 տոկոսային կետով։ Այս փոփոխության պատճառը պարտքի կառուցվածքում թանկ փողերի քանակի ավելացումն է։
Տիգրան Մկրտչյան