Հայաստանը կվերականգնի՞ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:
Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է:
Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում